48 րոպեում հավանություն տվեցին չկարդացած Սահմանադրությանը․ Հայկ Մովսիսյան

«Ամենամեծ վտանգը, որ կարող է սպառնալ ցանկացած պետության, ոչ թե արտաքին թշնամին է, այլ սեփական քաղաքացիների անտարբերությունն ու կույր հավատը»,- խոսելով նոր Սահմանադրության նախագծի մասին՝ MediaHub-ին ասել է հանրային գործիչ Հայկ Մովսիսյանը։ Նա նկատել է, որ հանրությունն առանց ծանոթանալու Սահմանադրության տեքստին ու բովանդակությանը, շտապում են իրենց մեկնաբանությունը թողնել Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի մեկնաբանությունների դաշտում։

«Ընդամենը 48 րոպե։ Այսքան ժամանակ է պահանջվել ոմանց համար, որպեսզի դեռ նոր հրապարակված ու տեխնիկապես անգամ հղումը չբացող Սահմանադրության նախագծին տան՝ «լավն է», «հրաշալի Սահմանադրություն է», «ես կողմ եմ նոր Սահմանադրությունը» գնահատականը։ Այն փաստաթղթին, որի վրա իրավաբաններն ու մասնագետները շաբաթներով պետք է աշխատեն՝ յուրաքանչյուր հոդվածի ենթատեքստը հասկանալու համար։ Երբ մարդը հրաժարվում է մտածել, վերլուծել և փաստերը ստուգել՝ փոխարենը առաջնորդվելով միայն կույր համակրանքով, նա դադարում է լինել քաղաքացի և դառնում է պարզապես գործիք»,- ասում է նա։

Մովսիսյանի խոսքով՝ Մայր օրենքի նախագիծը սոցցանցային ստատուս չէ, որ առանց կարդալու «լայք» դնեն ու անցնեն առաջ։ Առանց ուսումնասիրելու կուրորեն հավանություն տալը ոչ թե աջակցություն է, այլ սեփական երկրի ապագայի հանդեպ անպատասխանատվություն։

«Գոնե մեկ անգամ կարդացեք այն, ինչի տակ պատրաստվում եք ստորագրել։ Սա լուրջ մտորումների տեղիք է տալիս մեր հասարակական գիտակցության մասին։ Սահմանադրությունը սովորական հրապարակում չէ, որին կարելի է հավանություն տալ առանց բովանդակությանը ծանոթանալու։ Դա պետության հիմքն է, մեր և մեր երեխաների ապագայի կանոնակարգը, որտեղ յուրաքանչյուր ստորակետ կարող է ճակատագրական նշանակություն ունենալ։ Իրական հայրենասիրությունն ու պետականամետությունը սկսվում են գիտակցված ընտրությունից և սեփական երկրի ճակատագրի հանդեպ պատասխանատու վերաբերմունքից։ Եվ ի վերջո Ալիևի ուղիղ պահանջով Սահմանադրության փոփոխությունը պետական դավաճանություն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Leave a comment