Ուկրաինայի անվտանգության երաշխիքները «նման են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին»․ Քուշներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները պնդում է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին «նման» անվտանգության երաշխիքները վճռորոշ տարր կլինեն Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քուշների խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել նման երաշխիքները, ինչը կարող է վկայել խաղաղության հասնելու Կրեմլի լուրջ մտադրությունների մասին։

«5-րդ հոդվածի դրույթներին համարժեք հուսալի երաշխիքը, որն ամրապնդված կլինի զսպման և հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներով, կարող է զգալիորեն նվազեցնել նոր պատերազմի վտանգը»,- նշել է Քուշները X-ում  ծավալուն գրառման մեջ։

Նա ենթարդրում է, որ նախագահ Թրամփը նման երաշխիքները կհաստատի միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ դրանք բխում են ԱՄՆ-ի շահերից, և երբ անվտանգության ապահովման ավելի լայն նախադրյալներն այնպիսի պայմաններ ստեղծեն, որ այդ երաշխիքներին դիմելու անհրաժեշտությունը դառնա քիչ հավանական։

Հատուկ բանագնացի կարծիքով՝ այս ամենն անբաժանելի է նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության ինստիտուտների գործունեության վերաբերյալ ավելի լայն հարցերից։

«Մեր նպատակն է ամրապնդել դրանք, պարզել, թե որ դեպքերում գործող մեխանիզմները չեն կարողացել կանխել այս պատերազմը, և մշակել ավելի արդյունավետ միջոցներ՝ ապագայում հակամարտությունների առաջացման ռիսկը նվազեցնելու համար»,- նշել է նա։

Դրա շրջանակում նախատեսվում է ստեղծել խորհրդակցությունների, ճգնաժամային կապի, հակամարտությունների կանխարգելման, թափանցիկության և լարվածության փոխադարձ նվազեցման ուղիներ։

«Մենք ձգտում ենք ապագայի, որտեղ Ուկրաինան անվտանգ կլինի, Եվրոպան՝ ավելի ուժեղ, Ռուսաստանը վստահ կլինի, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման, իսկ ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները համոզված կլինեն, որ Ռուսաստանը հարգելու է իր հարևանների ինքնիշխանությունն ու անվտանգությունը»,- նշել է նա։

Քուշներն իր գրառումն ավարտել է՝ կրկնելով նախագահ Թրամփի հայտարարությունը, թե պատերազմի վրա այժմ ծախսվող հարյուր միլիարդավոր դոլարները կարող էին ներդրվել տնտեսության մեջ և ուղղվել աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսական աճի խթանմանը և էներգակիրների գների նվազեցմանը։

Այս գրառման տակ առաջին մեկնաբանությունը թողել է Քուշների ռուսաստանցի գործընկերը՝ ՌԴ նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

«Եվրոպան կարող է վերջ դնել պատերազմի քարոզչությանը և օգուտ քաղել անվտանգության ոլորտում «ընդգրկուն, հիանալի» ու հավասարակշռված եվրոպական համաձայնագրից»,- նշել է Դմիտրիևը՝ գրառմանը կցելով խաղաղության աղավնու էմոջի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment