Քաղաքականություն
23.11.2026 | 11:34
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է մեկ հոդվածում միավորել իրավական համակարգին և օրինականության սկզբունքին վերաբերող դրույթները։ Նախագծի 6-րդ հոդվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և երկրի իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Միաժամանակ պահպանվում է միջազգային պայմանագրերի գերակայությունը սովորական օրենքների նկատմամբ՝ դրանց նորմերի հակասության դեպքում։
«Հոդված 6. Իրավական համակարգը և օրինականության սկզբունքը
1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և սահմանադրական օրենքներին։
2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք պարտավոր են հարգել և պահպանել Սահմանադրությունը և օրենքները և իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
3. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Կառավարության անդամները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին և սահմանեն լիազորման շրջանակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին և օրենքներին։
4. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:
5. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Վավերացված միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»:
Ի՞նչ է փոխվում գործող Սահմանադրության համեմատ
Գործող Սահմանադրությունում իրավական նորմերի աստիճանակարգությունը և օրինականության սկզբունքը կարգավորվում են առանձին՝ 5-րդ և 6-րդ հոդվածներով։ Նոր նախագծում դրանք միավորվել են 6-րդ հոդվածում։
| Գործող Սահմանադրություն | Նոր նախագիծ |
|---|---|
| Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ | Դրույթը պահպանվել է |
| Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին | Հստակ ավելացվել է նաև օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանելու պահանջը |
| Պետական մարմինները կարող են գործել միայն օրենքով կամ Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում | Ավելացվել է Սահմանադրությունն ու օրենքները հարգելու և պահպանելու ուղղակի պարտավորությունը |
| Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական ակտեր | Առանձին հիշատակվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու Կառավարության անդամները |
| Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին | Ավելացվել է լիազորման շրջանակը սահմանելու ուղղակի պահանջ |
| Վավերացված միջազգային պայմանագրերը հակասության դեպքում գերակայում են օրենքներին | Սկզբունքը պահպանվել է, նաև հստակ նշվել է պայմանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու պահանջը |
Անահիտ Խաչատրյան