Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձված 9 անշարժ գույքի և 6 ավտոմեքենայի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ անշարժ գույքի ընդհանուր շուկայական արժեքը 2023 թվականի դրությամբ կազմել է 811,4 միլիոն դրամ։ Ավտոմեքենաներից չորսը կոլեկցիոն են։
Դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման ենթակա են՝
9 անշարժ գույք (2023 թվականի դրությամբ՝ անշարժ գույքերի ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811,400,000 դրամ),
6 շարժական գույք,
18,371,325 դրամի ավանդ,
300,049,322 դրամի փոխառություն,
17,135,233 դրամ,
«ԷՄ-ԷՆ-ԺԻ» ՍՊ ընկերության 15,9456% բաժնեմասը։
2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ, 9 անշարժ և 6 շարժական գույքերի՝ ավտոմեքենաների, նկատմամբ (4-ը՝ կոլեկցիոն) գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։
Դրամական միջոցներն ու ՍՊ ընկերության բաժնեմասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են»։
Հիշեցնենք, որ Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձման ենթակա գույքին՝ ներկայացնելով դրանցից մի քանիսը։ Դրանց թվում են Վաղարշապատի կենտրոնական փողոցում գտնվող շենքը, որտեղ գործում է Մանվել Գրիգորյանի անվան թանգարանը, Էջմիածնի Ալավերդյան փողոցի երկհարկանի առանձնատունը՝ լողավազանով և հողատարածքով, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի փողոցի առանձնատունը։ Բռնագանձվող գույքերի թվում են նաև Չարենցի և Արամ Մանուկյան թաղամասերի կիսակառույց առանձնատները, Արշալույս գյուղի կիսակառույց շինությունն ու հողամասերը, ինչպես նաև Հրազդանում գտնվող հողամասը։
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականին Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի իրականացրած խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին զենք-զինամթերք և զինվորների համար նախատեսված օգնություն, այդ թվում՝ «Զինվորի բաժին» մակնշմամբ պահածոներ։ 2023 թվականի նոյեմբերի 27-ին դատարանը Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել առաջադրված մեղադրանքներով, սակայն 2020 թվականին նրա մահվան պատճառով պատիժ չէր նշանակվել։