5 լուրջ խնդիր, որոնց դեմ պայքարում է նուռը

Աշնանն ու ձմռանը մեր սեղանների անբաժանելի մասը կազմող նուռը շատերն ուտում են պարզապես համի համար՝ չկասկածելով, որ այն իրականում հզոր բուժիչ հատկություններ ունի: Բժիշկներն ու նուտրիցիոլոգները նուռն անվանում են «բնական դեղատուն»՝ հակաօքսիդանտների, պոլիֆենոլների և վիտամինների ռեկորդային պարունակության շնորհիվ:

Քչերը գիտեն, որ նուռը հատկապես արդյունավետ է անոթների խցանման (աթերոսկլերոզի) և սակավարյունության (անեմիայի) դեմ պայքարում, սակայն դրա օգտակար հատկություններն այսքանով չեն սահմանափակվում:

Ի՞նչ խնդիրների դեմ է պայքարում նուռը․

Մաքրում է անոթները և կարգավորում ճնշումը․ Նռան մեջ առկա պունիկալագին կոչվող հզոր հակաօքսիդանտը կանխում է անոթների պատերին խոլեստերինային վահանիկների կուտակումը, բարելավում է արյան շրջանառությունը և նպաստում զարկերակային բարձր ճնշման նվազմանը:

Բարձրացնում է հեմոգլոբինը (անեմիայի դեմ)․ Երկաթի, C վիտամինի և ֆոլաթթվի համադրությունը խթանում է էրիթրոցիտների արտադրությունը և արագ վերականգնում արյան որակը՝ վերացնելով թուլությունն ու գլխապտույտը:

Պայքարում է հոդերի բորբոքման դեմ․ Նռան բաղադրիչները արգելափակում են այն ֆերմենտները, որոնք քայքայում են աճառային հյուսվածքը՝ թեթևացնելով արթրիտի և հոդացավերի ախտանիշները:

Ամրապնդում է իմունիտետն ու պաշտպանում վիրուսներից․ Սեզոնային մրսածության շրջանում նուռն օրգանիզմն ապահովում է C վիտամինով և հակավիրուսային պաշտպանությամբ:

Բարելավում է հիշողությունն ու ուղեղի աշխատանքը․ Պոլիֆենոլները պաշտպանում են նյարդային բջիջները օքսիդատիվ սթրեսից և կանխում հիշողության տարիքային վատթարացումը:

Ո՞ւմ է պետք զգույշ լինել նուռ ուտելիս․

Քանի որ նուռը պարունակում է բարձր խտությամբ օրգանական թթուներ, այն խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ օգտագործել ստամոքսի խոցի, գաստրիտի սրացման և բարձր թթվայնության դեպքում: Բացի այդ, նռան թարմ հյութը կարող է վնասել ատամների էմալը, ուստի խորհուրդ է տրվում այն խմել ջրով բացված վիճակում կամ օգտագործելուց հետո բերանը ողողել ջրով:

Leave a comment