Էներգահամակարգերի միջպետական ինտեգրացիան կամ փոխկապակցումը, ինչի մասին վերջին օրերին խոսեց ՀՀ վարչապետը, երկու կամ ավելի երկրների էլեկտրաէներգետիկ ցանցերի միավորումն է՝ միասնական էլեկտրաէներգետիկ շուկա և տարածաշրջանային ենթակառուցվածք ձևավորելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյան։
«Նմանատիպ նախագծերի հիմնական նպատակն է՝ էներգետիկ անվտանգության և էլեկտրամատակարարումների հուսալիության բարձրացումը։ Էներգահամակարգում տեխնիկական վթարների կամ սպառման բեռի պիկային ծանրաբեռնվածության դեպքում՝ համակարգերն ինտեգրած երկրները կարող են արագ փոխլրացնել միմյանց՝ կանխելով հոսանքազրկումները։ Այն հնարավորություն է տալիս ռեալ ժամանակամիջոցում արտահանել էլեկտրաէներգիայի առկա ավելցուկը և ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա՝ նվազեցնելով պահուստային հզորությունների պահպանման համար անհրաժեշտ ծախսերը։
ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումներն այնպիսին են, որ օրվա պիկին արևային ինքավար (շուրջ 60.000 հատ) և արդյունաբերական էներգաարտադրողները (ավելի քան 100 կայան) միասին արտադրում են շուրջ 1.400ՄԳտ.ժամ էլեկտրաէներգիա. դա այն դեպքում, երբ օրինակ ս/թ. նոյեմբերի 10-ին՝ բավականին ցուրտ օրը, ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառման բեռը կազմել է գրեթե նույն այդ թիվը՝ 1.396ՄՎտ.ժամ, ինչն զգալիորեն բարձր է վերջին տարիների՝ այս օրերի միջին օրական ցուցանիշից։
Իսկ քանի որ էներգահամակարգում ունենք նաև ՀԱԷԿ, մի քանի խոշոր ՋԷԿ-եր, մի քանի տասնյակ փոքր ու միջին ՀԷԿ-եր, ապա արևայի օրվա պիկին ՀՀ-ում ունենում ենք արտադրված էլ.էներգիայի ահռելի ավելցուկ, իսկ արևը մայր մտնելուց հետո՝ վերջին շրջանում սպառման բեռի կտրուկ ավելացման պարագայում, ցուրտ օրերին արդեն որոշակի կարիք է առաջանում լրացուցիչ քանակի էլ.էներգիայի ներմուծման (Վրաստանից կամ Իրանից)։
Վերականգվող էներգետիկայի զարգացման ընթացիկ տեմպերի դեպքում տեխնոլոգիական անհրաժեշտ ու պահանջված լուծում է կուտակիչ կայանների կիրառումը էներգահամակարգում, ինչի կարգավորումների ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տանում ՀԾԿՀ-ն և ՏԿԵՆ-ը, սակայն անկախ այդ ենթակառուցվածքի ներդումային ծավալներից և իրականացման հնարավոր ժամկետներից, տարածաշրջանում էլեկտրաէներգետիկական ցանցերի ինտեգրումն այլընտրանք չունի. դա բխում է նաև մեր «Խաղաղության օրակարգի» «ԹՐԻՓՓ» նախագծի տրամաբանությունից։
Փաստ է, որ մեր էներգահամակարգն արդեն իսկ ինտեգրված է բարեկամ Իրանի («էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց» ծրագրով) և Վրաստանի Հանրապետության համակարգերին, որոնց թողունակության ավելացման ուղղությամբ այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում։
Եվ վերջում. էներգահամակարգերի միջպետական ինտեգրացիան իրականացվում է բացառապես ԲԱՐՁՐԱՎՈԼՏ էլեկտրահաղորդման գծերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով, ինչը մեր երկրում պատկանում է պետությանը և կառավարվում է 100% պետական սեփականության «Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցեր» (ԲԷՑ) ՓԲԸ կողմից։
Հ.Գ. Մեր էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ևս ինտեգրելու նախագծերը որևէ կերպ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող՝ բացառապես իրավական-հակաճգնաժամային գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը ոչ այլ ինչ են, քան պարզունակ մանիպուլյացիա և մեր ժողովրդի հույզերի հետ խաղալու անհաջող ջղաձգում»,-նշել է նա։