Ինչպե՞ս ստեղծել ավելի ուժեղ թիմ. 5 հարց ղեկավարների համար

Այն, թե ինչպես է ղեկավարն արձագանքում, երբ որևէ մեկը վիճարկում է իր ծրագիրը, ով է իրավասու որոշումներ կայացնել թիմում և ում աշխատանքն է իրականում նկատվում, շատ բան է պատմում այն մասին, թե ինչպիսին է նրա հետ աշխատելը, գրում է Inc.com-ը։

Մարդկանց մեծ մասը ցանկանում է լավ աշխատանք կատարել վստահելի մարդկանց միջավայրում, սովորել, ներդրում ունենալ արժեքավոր գործում և իրեն թիմի լիարժեք մաս զգալ։ Հենց սա է առաջնորդների առաքելությունը. նրանք ամեն օր ստեղծում են այդ պայմանները իրենց հաղորդակցման ոճի միջոցով։

Այստեղ է, որ ի հայտ է գալիս հարաբերական ինտելեկտը (relational intelligence)։ Դա մարդկանց միջև տեղի ունեցող գործընթացները նկատելու և վստահություն ձևավորող ձևով արձագանքելու կարողությունն է։ Այն դրսևորվում է նրանում, թե ինչպես է ղեկավարը կառավարում կոնֆլիկտները, զարգացնում աշխատակիցներին և օգնում գործընկերներին տեսնել իրենց աշխատանքի իրական արժեքը։

Սեփական առաջնորդական որակներին անկեղծ գնահատական տալու համար յուրաքանչյուր ղեկավար կարող է իրեն տալ հետևյալ հինգ հարցը՝ յուրաքանչյուրի համար փնտրելով կոնկրետ օրինակ վերջին մեկ ամսվա ընթացքում։ Եթե նման օրինակ գտնել չի հաջողվում, ուրեմն հենց այդ կետից է պետք սկսել փոփոխությունները։

1. Երբ որևէ մեկը վիճարկում է ղեկավարի որոշումը, արդյո՞ք նա հեշտացնում է հաջորդ անգամ նույնպես կարծիք հայտնելու գործընթացը

Իրական փորձությունը սկսվում է այն պահին, երբ աշխատակիցն իսկապես օգտվում է անհամաձայնություն հայտնելու հնարավորությունից։ Եթե ղեկավարն ընդհատում է նրան, պաշտպանում իր դիրքորոշումը՝ նախքան դիմացինի տեսակետը լսելը, կամ պարզապես առաջ է անցնում՝ առանց հաշվի առնելու նրա մտահոգությունը, ապա հաջորդ անգամ խնդիր նկատելիս աշխատակիցը կլռի։

Օրինակ՝ եթե ղեկավարը ներկայացնում է հանգստյան օրերի աշխատանքային նոր գրաֆիկ, իսկ աշխատակիցը նշում է, որ շաբաթ օրվա ամենածանրաբեռնված հերթափոխում մարդկանց պակաս կլինի, պետք չէ անմիջապես արդարանալ ու բացատրել որոշման պատճառները։ Փոխարենը՝ արժե հարցնել. «Ձեր կարծիքով՝ կոնկրետ ո՞ր ժամերին աշխատակիցների պակաս կունենանք», ապա ճշտել՝ արդյոք ճիշտ է հասկացվել միտքը. «Այսինքն՝ գրաֆիկը ծածկում է ընդհանուր ժամերը, բայց պիկ ժամերին ուժերը չեն հերիքի։ Ճի՞շտ հասկացա»։

Անկախ վերջնական որոշումից՝ կարևոր է աշխատակցին տեղեկացնել, թե ինչ արդյունք տվեց նրա դիտարկումը. «Ես ստուգեցի շաբաթ օրվա ցուցանիշները։ Դուք միանգամայն իրավացի էիք կեսօրվա ծանրաբեռնվածության հարցում, ուստի մեկ հերթափոխ տեղափոխեցի»։ Նման հետևողականությունը աշխատակցին հիմք է տալիս բարձրաձայնել նաև հաջորդ խնդիրները։

2. Արդյո՞ք ղեկավարն իսկապես գնահատում է մարդկանց՝ որպես անհատների

Առաջնորդները ցույց են տալիս իրենց գնահատանքը՝ աշխատակիցներին հարգանքով վերաբերվելով, ուշադիր լսելով (այլ ոչ թե պարզապես սպասելով, թե երբ դիմացինը կավարտի խոսքը) և անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով, երբ որևէ մեկի վարքագիծը փոխվում է։

Եթե սովորաբար պարտաճանաչ աշխատակիցը երկու անգամ խախտում է վերջնաժամկետները, ճիշտ մոտեցումը նրան ուղիղ մոտենալն ու իրավիճակը պարզելն է՝ նախքան հապճեպ եզրակացություններ անելը։ Միանգամայն հնարավոր է, որ երկու տարբեր մենեջերներ նրան հակասող առաջնահերթություններ են տվել։ Այդ դեպքում ղեկավարը կարող է վերահստատել, թե կոնկրետ ինչ և երբ է պետք հանձնել, և ինքը ստանձնել այդ հակասությունը կարգավորելու պատասխանատվությունը։

3. Արդյո՞ք ղեկավարը ժամանակ է հատկացնում ուրիշների աճին ու զարգացմանը

Քաջալերանքը կարևոր է, բայց նույնքան կարևոր է աշխատակցին հնարավորություն տալ կատարելու այնպիսի աշխատանք, որը նրան դուրս է բերում հարմարավետության գոտուց՝ միաժամանակ ապահովելով անհրաժեշտ աջակցություն սովորելու համար։

Եթե աշխատակիցը ցանկանում է բարելավել ավագ ղեկավարության առջև ներկայանալու (պրեզենտացիա անելու) իր հմտությունները, ղեկավարը կարող է նրան հրավիրել վարելու հաջորդ նախագծային քննարկման բաժիններից մեկը։ Նախապես պետք է օգնել նրան պատրաստվել, թույլ տալ ինքնուրույն պատասխանել հարցերին, իսկ վերջում՝ քննարկել արդյունքները՝ նշելով մեկ բան, որը նա հիանալի է արել, և մեկ կետ, որի վրա արժե աշխատել հաջորդ անգամ։

4. Արդյո՞ք ղեկավարը կիսում է իր առաջնորդությունը

Արժե ուշադրություն դարձնել այն որոշումներին, որոնցով թիմը դեռևս դիմում է ղեկավարին։ Դրանցից քանի՞սը աշխատակիցները կկարողանային ինքնուրույն կայացնել, եթե հստակ իմանային իրենց լիազորությունների սահմանները։

Եթե հաճախորդների աջակցման թիմը ղեկավարին է բերում գումարի վերադարձի (refund) յուրաքանչյուր հարցում, անհրաժեշտ է հստակ պայմանավորվել, թե որ դեպքերը նրանք կարող են ինքնուրույն լուծել, որոնք են թույլատրելի սահմանները և երբ է պետք ներգրավել ղեկավարին։ Եվ, իհարկե, երբ աշխատակիցները խելամիտ որոշում են կայացնում այդ շրջանակներում, ղեկավարը պետք է թիկունք կանգնի նրանց։ Հենց այդպես են մարդիկ հասկանում, որ իրենք իսկապես ունեն որոշում կայացնելու իրավունք։

5. Կարո՞ղ են թիմի անդամները պատմել, թե ինչպես է իրենց աշխատանքը փոփոխություն բերում

Թիմում ամենաարժեքավոր աշխատանքներից շատերը կատարվում են կուլիսներում։ Այն աշխատակիցը, որը նկատում է սխալը, բարելավում է գործընթացների փոխանցումը (handoff) կամ օգնում է նորեկին արագ ինտեգրվել, հաճախ երբեք չի լսում իր արածի իրական ազդեցության մասին։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ սկսեն կասկածել իրենց ներդրման կարևորությանը։

Պատկերացնենք՝ գործառնական համակարգողը (ops coordinator) վերանայում է ստուգաթերթիկը՝ նկատելով, որ թերի փոխանցումների պատճառով հաճախորդների պատվերները պարբերաբար ուշանում են։ Երբ թիմը փորձարկում է նոր տարբերակը, ղեկավարը կարող է հարցնել նրանց դիտարկումների մասին և ընդգծել արդյունքը. «Նոր ստուգաթերթիկը թույլ տվեց ցերեկային հերթափոխին նախապես նկատել բացթողումները՝ նախքան պատվերների առաքումը։ Դրա շնորհիվ ստիպված չեղանք հետևից ընկնել ու ճշտումներ անել, իսկ հաճախորդներն իրենց պատվերները ստացան ժամանակին»։ Այնուհետև կարելի է հարցնել, թե էլ ինչ բարելավման հնարավորություններ են նրանք տեսնում։

Կոնկրետ գնահատանքը հսկայական նշանակություն ունի՝ մարդկանց ցույց տալու իրենց աշխատանքի արժեքը։ Իսկ նրանց կարծիքը հարցնելը պարզ, բայց ազդեցիկ միջոց է ասելու. «Դուք գործընթացի կարևոր մասն եք և կարող եք իրական ներդրում ունենալ»։

Ի՞նչ փոփոխություն կտեսնի թիմը ղեկավարի վարքագծում

Թիմը հասկանում է, թե ինչն է իսկապես կարևոր ղեկավարի համար՝ տեսնելով, թե ինչ որոշումներ է նա կայացնում լարված պահերին։ Աշխատակիցները նկատում են՝ արդյոք ղեկավարը լսում է իրենց, երբ արդեն պատրաստ է անցնել առաջ, արդյոք ժամանակ է տրամադրում մեկին սովորեցնելուն, երբ շատ ավելի արագ կլիներ ամեն ինչ ինքնուրույն անելը, և արդյոք իրականում տարածք է տալիս մարդկանց այնպիսի որոշումներ կայացնելու համար, որոնք ինքն էլ կարող էր կայացնել նրանց փոխարեն։

Առաջնորդության բարելավման ամենագործնական քայլը հետևյալն է. ընտրել վերոնշյալ հարցերից այն մեկը, որին ամենադժվարն էր պատասխանել, և հաջորդ թիմային հանդիպման կամ անհատական զրույցի ընթացքում անել մեկ կոնկրետ քայլ՝ իրավիճակը փոխելու համար։ Դա կարող է լինել որևէ որոշում վիճարկելու հրավեր, որևէ լիազորության փոխանցում կամ պարզապես անկեղծ խոսք այն մասին, թե ինչպես է աշխատակցի գործն օգնել թիմին։ Կարևորը դա իրականում անելն է. հենց այդպես է թիմը սովորում, թե ինչի վրա կարող է հույս դնել իր ղեկավարի հարցում։

Leave a comment