Հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերի կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանալը հիմնականում պայմանավորված է արևի ճառագայթների մթնոլորտում երկար ճանապարհ անցնելու և լույսի ցրման առանձնահատկություններով։
Սակայն ուշ աշնանը և ձմռան սկզբին այդ երևույթը հաճախ ավելի արտահայտված է լինում մի քանի պատճառով։ Նոյեմբեր-դեկտեմբերին Արեգակը հորիզոնից շատ ցածր է գտնվում։
Արեգակի ճառագայթներն ավելի երկար ճանապարհ են անցնում մթնոլորտում։
Կարճալիք կապույտ և մանուշակագույն ճառագայթներն ավելի ուժեղ են ցրվում։
Երկարալիք կարմիր և նարնջագույն ճառագայթներն ավելի մեծ չափով են հասնում ամպերին։
Արդյունքում ամպերը ստանում են կարմիր, նարնջագույն կամ վարդագույն երանգներ»: