Օմսկում դատական գործ է հարուցվել քաղաքի քրեական հեղինակություն համարվող Էդուարդ Օհանյանի դեմ
Ռուսաստանի Օմսկ քաղաքում սկսվել է դատական գործընթաց Էդուարդ Օհանյանի գործով, որին քննչական մարմինները համարում են քաղաքի այսպես կոչված «նայողը»։ Նա մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելու և մի շարք այլ հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է ГТРК «Иртыш»-ը։
Քննության վարկածով՝ 2024 թվականի սեպտեմբերից Օհանյանը զբաղեցրել է Օմսկի մարզի հանցավոր հիերարխիայի բարձրագույն դիրքը։ Ենթադրվում է, որ նա փոխարինել է Նիկոլայ Չեռնեցովին, որն ավելի վաղ դատապարտվել էր համանման հոդվածով։
Բացի այդ, Օհանյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և շորթման համար։ Մասնավորապես, մեղադրանքի համաձայն՝ միջադեպերից մեկը կապված է ռեստորանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, որի ընթացքում Օհանյանը դանակով վիրավորել է իր հակառակորդին։ Մեկ այլ դրվագով նրան մեղադրում են ծանոթից մեկ միլիոն ռուբլի ստանալու փորձի համար։
Դատական նիստին ներկա են եղել մեղադրյալի հարազատները, այդ թվում՝ մայրը, որը պնդում է որդու անմեղությունը։
Ինչպես նշում է ГТРК «Иртыш»-ը, սա Օմսկի մարզում նմանատիպ երկրորդ դատական գործընթացն է։ 2024 թվականի ապրիլին Նիկոլայ Չեռնեցովը դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմի գաղութում։ Նրա գործը նույնպես կապված էր հանցավոր հիերարխիայում զբաղեցրած դիրքի, շորթման և մարդուն առևանգելու հետ։
Հայտնի է, որ Օհանյանը նախկինում զբաղվել է շինարարական բիզնեսով։ 2019 թվականին նա մշտական բնակության է տեղափոխվել Ռուսաստան և ստացել քաղաքացիություն, որից հետագայում զրկվել է։
Նշենք, որ Էդուարդ Օհանյանի մեղավորությունը դեռևս հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։