Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

Մշակույթ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Այն Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցության արդյունք է՝ իրականացված երկու երկրների համապատասխան նախարարությունների աջակցությամբ։

Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից, ցուցահանդեսը բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հունաստանի մշակույթի նախարար դոկտոր Լինա Մենդոնին և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն դոկտոր Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայոս Ստամպոլիդիսը։

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը, վերհիշել 2024 թ. դեկտեմբերին Հայաստան կատարած իր այցը, ինչպես նաև մեծապես կարևորել 2025 թ. ամռանը իր հրավերով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած այցը, որի ընթացքում շարունակվեցին ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները։ Նա ամդրադարձ է կատարել նման գիտական հենք ունեցող ցուցահանդեսների միջոցով պատմության տարբեր շրջանների լուսաբանման կարևորությանը մեր օրերում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին երկու երկրների մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում։

Իր խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ սա Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանին նվիրված երբևէ առաջին ցուցահանդեսն է, ինչպես նաև Հունաստանում նախաքրիստոնեական Հայաստանին նվիրված առաջին ցուցահանդեսն է։ Միաժամանակ դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ այս ցուցահանդեսում ներկայացվում են շուրջ 200 ցուցանմուշներ և այդ առումով նույնպես այն բացառիկ է, քանի որ Հայաստանի պատմության թանգարանից այդչափ ցուցանմուշներ միաժամանակ չեն ուղարկվել ցուցադրության երկրից դուրս։ Նա հիշեցրել է, որ ցուցահանդեսի կազմակերպման քննարկումները սկսվել են 2024 թվականին, և որ ցուցահանդեսի սկզբնական շրջանակն ընդլայնվել է՝ ընդգծելու հին Հայաստանի և հունական աշխարհի միջև փոխադարձ ազդեցությունները։

Դոկտոր Դավիթ Պողոսյանը խոսել է հայ-հունական մշակութային հարաբերությունների համատեքստում Ակրոպոլիսի հարևանությամբ  ցուցահանդեսը ներկայացնելու խորհրդանշական նշանակության մասին։ Նա նշել է, որ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից առարկաների ցուցադրումը Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից ընտրված շուրջ 28 նմուշների կողքին լույս է սփռում երկու հնագույն քաղաքակրթությունների միջև տեղի ունեցած մշակութային փոխանակումների վրա։ Նա շնորհակալություն է հայտնել դեսպանին նախաձեռնության համար, որը հիմք դրեց այս համագործակցությանը, և առանձնահատուկ նշել երկու թանգարանների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որը կնքվել էր 2026 թվականի փետրվարին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունաստան կատարած պետական ​​այցի ընթացքում։

Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը մանրամասն ներկայացրել է ցուցահանդեսը՝ դրա հիմքում ընկած գաղափարը՝ սկսած ձևավորումից մինչև բովանդակություն։ Նա անդրադարձել է ինչպես հելենիստական շրջանում հայկական մշակույթի վրա հունական ազդեցությանը, այնպես էլ ավելի վաղ շրջանում՝ ուրարտական ազդեցությանը արևելյան Էգեյան ծովի հունական կղզիների մշակույթի վրա։

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի մշակույթի և Արտաքին գործերի նախարարությունների և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ եկեղեցական բարձրագույն հոգևորականներ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանը , Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Կրետե կղզու Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Հունաստանի Հայ Ավետարանական Եկեղեցու համայնքապետ հովիվ Վեր. Վիգէն Չոալաքեանը, ինչպես նաև Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսը տևելու է նոյեմբերի 20 ից մինչև փետրվարի 28-ը։ Մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։

Ցուցահանդեսի ողջ ընթացքում Ակրոպոլիսի թանգարանում Հունաստանում ՀՀ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ ներկայացվելու է հայկական մշակութային տարբեր կատարումներ, հայկական դպրոցների այցելություններ, ինչպես նաև ներկայացվելու են հայկական խոհանոցային ավանդույթները։

Ցուցահանդեսի ողջ ընթացքը լայնածավալ գովազդվելու է Աթենքի ստորգետնյա կանգառներում և օդանավակայանում։

Ցուցահանդես բացումը արժանացել է ծավալուն լուսաբանման ինչպես հունական, այնպես էլ միջազգային մամուլի կողմից։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Leave a comment