Միսիսիպիի մայրաքաղաքի նախկին քաղաքապետը ազատազրկման է դատապարտվել կառուցապատողներից կաշառք ստանալու գործով
ԱՄՆ Միսիսիպի նահանգի մայրաքաղաք Ջեքսոնի նախկին քաղաքապետ Չոկվե Անտար Լումումբան դատապարտվել է երեք տարի և ավելի քան երեք ամիս ազատազրկման՝ մի շարք բարձրաստիճան դեմոկրատ պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն սխեմայի գործով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ուրբաթ օրը նա իրեն մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու մեջ։
2024 թվականին հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն՝ ՀԴԲ-ի երկու աշխատակից, ներկայանալով որպես կառուցապատողներ, պաշտոնյաներին գումար են առաջարկել՝ շինարարական նախագծի հաստատմանն աջակցելու դիմաց։ Մասնավորապես, Լումումբան 50 հազար դոլար է ստացել իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար, ինչի դիմաց նա պարտավորվել է առաջ մղել նախագիծը։
Ազատազրկումից բացի՝ նախկին քաղաքապետից կբռնագանձվի 50 հազար դոլար արժողությամբ գույք, իսկ ազատ արձակվելուց հետո նա մեկ տարի կգտնվի իշխանությունների վերահսկողության ներքո։
Նույն գործով անցել են նաև Հինդս շրջանի նախկին դատախազ Ջոդի Օուենսը և Ջեքսոնի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Աարոն Բենքսը։ Օուենսը, որը մեղադրվում էր 250 հազար դոլար կաշառք շորթելու մեջ, ընդունել է մեղքը և այս ամսվա սկզբին դատապարտվել ավելի քան երեք տարվա ազատազրկման։ Բենքսը նույնպես ընդունել է մեղքը և դատապարտվել գրեթե չորս տարվա ազատազրկման։
Քաղաքային խորհրդի նախկին փոխնախագահ Անժելիկա Լին և ձեռնարկատեր Շերիկ Մարվ Սմիթը, որն Օուենսի ազգականն է, 2024 թվականին իրենց մեղավոր են ճանաչել կաշառակերության վերաբերյալ դաշնային մեղադրանքներով։
Լումումբան քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ։ 2025 թվականին նա պարտվել է ընտրություններում՝ կոռուպցիոն գործով ընթացող դատավարության ֆոնին։
Նա քաղաքական կարիերան սկսել է որպես ակտիվիստ։ Նրա հայրը՝ իրավաբան և իրավապաշտպան Չոկվե Լումումբան, Ջեքսոնի քաղաքապետ էր ընտրվել 2013 թվականին, սակայն կարճ ժամանակ անց մահացել էր։ Կրտսեր Լումումբան առաջին անգամ քաղաքապետ է դարձել 2017 թվականին։ Նրա պաշտոնավարման ընթացքում քաղաքում ջրամատակարարման լայնածավալ ճգնաժամ է եղել, որը գրավել է ամբողջ երկրի ուշադրությունը։