128 երկիր պայմանավորվել է սկսել «մարդասպան ռոբոտների» կարգավորման մասին միջազգային համաձայնագրի մշակումը
ՄԱԿ-ի «Սովորական զենքի որոշակի տեսակների մասին» կոնվենցիայի մասնակիցները պայմանավորվել են սկսել միջազգային փաստաթղթի մշակումը և կարգավորել «մարդասպան ռոբոտներ» անվանումով մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերը։ Այս մասին հայտնի է դարձել Ժնևում կայացած համաժողովի արդյունքներով, որին մասնակցել են 128 պետության ներկայացուցիչներ։ Տեղեկությունը փոխանցում է AFP-ն։
Համաժողովի նախագահ Ժյուլիեն Տոնին լրագրողներին հայտնել է, որ երկրները «համաձայնել են սկսել մահաբեր ինքնավար սպառազինության համակարգերի վերաբերյալ միջազգային փաստաթղթի մշակումը, որը պետք է ավարտվի առաջիկա երկու տարվա ընթացքում»։
Շվեյցարացի դիվանագետի խոսքով՝ որոշ պետություններ դեմ են եղել «բանակցություններ» բառի կիրառմանը, ուստի մասնակիցները կանգ են առել «մշակում» ձևակերպման վրա։
Առաջիկա աշխատանքը պետք է հստակեցնի, թե զենքի որ տեսակներն է անհրաժեշտ արգելել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, և որոնք կարելի է թողնել կիրառության մեջ՝ սահմանելով դրանց օգտագործման կանոնները, AFP-ին տված հարցազրույցում պարզաբանել է Տոնին։
Համաձայնության գալը հեշտ չի եղել. երկրների դիրքորոշումները տարբեր էին, իսկ որոշումների ընդունման համար պահանջվում էր մասնակիցների լիակատար համաձայնությունը։ Պետությունների մեծ մասը հանդես էր գալիս իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի օգտին, սակայն ինքնավար զենք ստեղծելու տեխնոլոգիաների տիրապետող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը, չեն ցանկանում իրենց սահմանափակել միջազգային պարտավորություններով։
Համաժողովի արդյունքները հիասթափեցրել են իրավապաշտպաններին։ Արհեստական բանականության ազդեցությամբ պատերազմների վարման բնույթի սրընթաց փոփոխությունների ֆոնին ոչ կառավարական կազմակերպությունները ձգտում էին ավելի արագ ընդունել իրավաբանորեն պարտադիր կանոններ, որոնք կկարգավորեին մարդկանց կյանքի ու մահվան վերաբերյալ որոշումները մեքենաներին փոխանցելու հարցը։
«Կանգնեցնել մարդասպան ռոբոտներին» (Stop Killer Robots) կոալիցիան հայտարարել է, որ պետությունները հաստատել են «անորոշ մանդատ», որը հստակ ճանապարհ չի նախանշում իրավաբանորեն պարտադիր փաստաթղթի համար։
«Ինքնավար սպառազինության համակարգերը, այդ թվում՝ թիրախների ընտրության գործընթացում արհեստական բանականության կիրառումը, արդեն օգտագործվում են մարտի դաշտում»,- հայտարարել է կոալիցիայի գործադիր տնօրեն Նիկոլ վան Ռոյենը։ Նրա խոսքով՝ պարտադիր միջազգային համաձայնագրի մշակման ձգձգումը վտանգի տակ է դնում խաղաղ բնակչությանը և ողջ մարդկությանը։