Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի պայմանների կատարման դեպքում․ Արաղչի

Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է Հորմուզի նեղուցը բացելու և երկարաժամկետ համաձայնագրի շուրջ եզրափակիչ բանակցություններին անցնելու երկօրյա ծրագիր։ Սակայն Թեհրանը Վաշինգտոնից պատասխան չի ստացել և չի բացի ռազմավարական նշանակության ջրային ուղին, քանի դեռ ամերիկյան կողմը չի կատարել Իրանի յոթ պայմանները։ Այս մասին «Iran» թերթին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Mehr-ը։

Թեհրանի առաջարկի համաձայն՝ առաջին օրը ԱՄՆ-ը պետք է կատարի իր պարտավորությունները, իսկ երկրորդ օրը Իրանը կբացի Հորմուզի նեղուցը։ Դրանից հետո կողմերը կկարողանան անցնել եզրափակիչ բանակցություններին։ Ավելի վաղ Իրանն առաջարկել էր յոթօրյա ծրագիր, սակայն այնուհետև ներկայացրել է ավելի կարճ տարբերակ՝ դիվանագիտական գործընթացն արագացնելու նպատակով։

Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է այս ծրագիրն օգտագործել որպես երկխոսության հիմք, սակայն նախ Վաշինգտոնը պետք է բացահայտորեն հաստատի համաձայնության հասնելու իր պատրաստակամությունը և կոնկրետ քայլեր ձեռնարկի վստահությունն ամրապնդելու համար։

«Վաշինգտոնը չի պատասխանել մեր առաջարկին և պետք է փոխի իր դիրքորոշումը, եթե իսկապես լրջորեն է տրամադրված համաձայնության հասնելուն», — հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է վերջ դնել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ներկայիս իրավիճակին և ԱՄՆ-ի հետ արժանապատիվ, ամուր ու կայուն համաձայնագիր կնքել։ Այն պետք է բացառի հակամարտության վերսկսումը և Վաշինգտոնին թույլ չտա Թեհրանի հնարավոր զիջումները ներկայացնել որպես իր քաղաքական հաղթանակ։ Միաժամանակ Արաղչին ընդունել է, որ համաձայնությունը ենթադրում է փոխադարձ զիջումներ, որոնք, սակայն, չպետք է վնասեն Իրանի ազգային շահերին։

Կատարում և Պակիստանում միջնորդների միջոցով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է։ Միաժամանակ, նախարարի խոսքով, Իսլամաբադում ավելի վաղ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրն այլևս չի դիտարկվում որպես համաձայնագրի հիմք։

Leave a comment