Ներկայումս Ուկրաինան իր գործընկերների առաջարկած անվտանգության երաշխիքներում չի տեսնում որևէ կոնկրետ իրավական մեխանիզմ՝ այնպիսի մեխանիզմներ, որոնք համեմատելի կլինեն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հետ։ Կիևը պահանջում է երկարաժամկետ պարտավորություններ, որոնք կընդգրկեն տասնամյակներ, այլ ոչ թե պատերազմի ժամանակավոր դադար, որը կտևի միայն Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ընթացքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Զելենսկին ընդգծել է, որ «5-րդ հոդվածին նման» երաշխիքների վերաբերյալ ձևակերպումները բազմաթիվ հարցեր են առաջացնում, քանի որ հստակ պատկերացում չկա, թե կոնկրետ ով է պաշտպանելու Ուկրաինային, կամ ինչպես է դա արվելու։
«Այս պատասխանները չեն կարող լինել պարզապես բանավոր կամ հնչել գեղեցիկ․ դրանք պետք է ամրագրված լինեն թղթի վրա։ Առայժմ ես թղթի վրա նման քայլեր չեմ տեսնում», — նշել է Ուկրաինայի ղեկավարը։
Նրա կարծիքով՝ անվտանգության երաշխիքները պետք է գործեն նաև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտից հետո՝ երաշխավորելու համար, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային մենակ չի թողնի Ռուսաստանի դեմ։