Ուժեղ լինելու գինը․ տղամարդկանց թաքնված հոգեբանական խնդիրները

«Տղամարդը չի լացում», «Պետք է ուժեղ լինի», «Ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները»․ հասարակության մեջ արմատացած այս պատկերացումները հաճախ տղամարդկանց ստիպում են լռել սեփական ապրումների մասին՝ անգամ այն ժամանակ, երբ հոգեբանական աջակցության կարիք ունեն։

Տարիներով ձևավորված կարծրատիպերը տղամարդկային ուժը կապել են հուզական զսպվածության, անխոցելիության և ինքնատիրապետման հետ։ Արդյունքում շատերը սովորում են ոչ թե հասկանալ ու կառավարել իրենց հույզերը, այլ թաքցնել դրանք։

«Դարեր շարունակ տղամարդուց ակնկալվել է լինել ընտանիքի պաշտպան, կերակրող, որոշումներ կայացնող և դժվարություններին դիմակայող անձ։ Աստիճանաբար այս դերային սպասումները վերածվել են կարծրատիպերի։ Տղամարդկային ուժը սկսել է նույնացվել հուզական զսպվածության, անխոցելիության և ինքնատիրապետման հետ։ Տղային դեռ փոքր տարիքից սովորեցնում են, որ վախը, տխրությունը կամ խոցելիությունը ցանկալի չեն», – ասաց հոգեբան Լուսինե Ալավերդյանը MediaHub-ի հետ զրույցում։

Այս ամենի հիմքերը դրվում են դեռ մանկությունից։ Երբ տղային շարունակաբար ասում են՝ «տղամարդը չի լացում», նա կարող է սկսել սեփական հույզերն ընկալել որպես ամոթալի կամ անընդունելի։

«Երբ երեխային շարունակաբար արգելում են լաց լինել, նա աստիճանաբար սովորում է ոչ թե կառավարել իր հույզերը, այլ ճնշել դրանք։ Նրա մոտ կարող է ներքին համոզմունք ձևավորվել, որ իր տխրությունը, վախը կամ անօգնականությունը ամոթալի են։ Հետագայում դա կարող է դժվարացնել սեփական հույզերը ճանաչելու և արտահայտելու կարողությունը։ Կարևոր է տարբերակել հուզական կարգավորումն ու հուզական ճնշումը։ Մենք պետք է տղաներին սովորեցնենք ոչ թե չլացել, այլ հասկանալ՝ ինչու են լացում և ինչպես արտահայտել իրենց ապրումները ավելի կառուցողական ձևով», – նշեց հոգեբանը։

Տղամարդկանց հոգեբանական խնդիրները միշտ չէ, որ արտահայտվում են ակնհայտ տխրությամբ կամ լացով։ Երբեմն դրանք դրսևորվում են զայրույթի, գրգռվածության, մեկուսացման, լռության կամ աշխատանքում չափազանց խորասուզվելու միջոցով։ Ուստի կարևոր է նկատել ոչ միայն մարդու խոսքերը, այլև վարքի փոփոխությունները։

«Հաճախ տղամարդու իրական ապրումները կարող են արտահայտվել ոչ թե լացի կամ տխրության, այլ գրգռվածության, զայրույթի, մեկուսացման, լռության կամ աշխատանքում չափազանց խորասուզվելու միջոցով։ Հետևաբար պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն նրա ասած խոսքերին, այլև վարքային փոփոխություններին», – ասաց հոգեբանը։

Մասնագետի խոսքով՝ հոգեբանական աջակցության անհրաժեշտության մասին կարող են վկայել նաև նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստը, քնի խանգարումները, մշտական հոգնածությունը, ընտանիքից հեռանալը և անընդհատ լարված վիճակում գտնվելը։

Խնդիրն ավելի է բարդանում, երբ տղամարդը հոգեբանի դիմելը համարում է թուլության նշան։ «Ես ինքս պետք է կարողանամ հաղթահարել», «Ի՞նչ կմտածեն իմ մասին», «Ես տղամարդ եմ, պետք է դիմանամ»․ նման մտածողությունը կարող է հետաձգել մասնագիտական օգնություն ստանալու որոշումը։

«Իրականում հոգեբանի դիմելը ոչ թե թուլության, այլ ինքնագիտակցության և պատասխանատվության դրսևորում է։ Մարդը, որը գիտակցում է իր դժվարությունները և պատրաստ է աշխատել դրանց ուղղությամբ, արդեն իսկ կարևոր քայլ է կատարում իր հոգեկան առողջության պահպանման համար», – ընդգծեց հոգեբանը։

Տղամարդկանց լռության մեկ այլ պատճառ էլ բռնության թեման է։ Թեև հասարակության մեջ հաճախ բռնության զոհի կերպարը կապվում է կանանց հետ, տղամարդիկ նույնպես կարող են ենթարկվել ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական բռնության։ Բռնություն կարող է լինել նաև սոցիալական մեկուսացումը՝ ընկերների ու հարազատների հետ շփումը սահմանափակելու կամ արգելելու միջոցով։

«Երբ տղամարդը համոզված է, որ ինքը միշտ պետք է վերահսկի իրավիճակը, չվախենա և ինքնուրույն հաղթահարի դժվարությունները, նա կարող է երկար ժամանակ չընդունել, որ հայտնվել է բռնության կամ հոգեբանական ճնշման իրավիճակում։ Այսպիսի մտածողությունը կարող է հանգեցնել երկարատև լռության, ինքնամեղադրանքի և հոգեբանական վիճակի վատթարացման։ Մենք պետք է հասարակության մեջ ձևավորենք մի կարևոր գիտակցում․ օգնություն խնդրելը չի հակասում տղամարդկային ինքնությանը։ Ընդհակառակը՝ սեփական անվտանգության և հոգեկան առողջության համար պատասխանատվություն կրելը հասունության նշան է», – նշեց հոգեբանը։

Երկարատև բռնությունը կարող է անդրադառնալ նաև հետագա հարաբերությունների վրա՝ դժվարացնելով մտերմությունը, վստահությունը և սեփական սահմանների պաշտպանությունը։

«Բռնության հոգեբանական հետևանքները հաղթահարելի են։ Համապատասխան հոգեբանական աջակցությունը, անվտանգ միջավայրը և անհրաժեշտության դեպքում հոգեբուժական օգնությունը կարող են նպաստել վերականգնմանը», – ընդգծեց մասնագետը։

Անդրադառնալով մանկության տարիներին ապրած բռնության ազդեցությանը՝ հոգեբանը նշում է, որ մարդը հետագայում կարող է անգիտակցաբար վերարտադրել իր տեսած վարքային մոդելները կամ հակառակը՝ չափազանց զգուշավոր դառնալ և խուսափել կոնֆլիկտներից։

«Սակայն տրավման ճակատագիր չէ։ Մարդը կարող է գիտակցել իր ապրումները, վերանայել մանկությունից կամ անցյալից եկող վարքային մոդելները և ձևավորել առողջ հարաբերություններ։ Անցյալում բռնության ենթարկված լինելը չի արդարացնում հետագայում ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելը։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր գործողությունների համար»։

Տղամարդկանց հոգեբանական խնդիրների մասին խոսելը կարևոր է ոչ միայն նրանց, այլև ամբողջ հասարակության համար։ Տարիներով լռությունը, սեփական ապրումները թաքցնելն ու օգնություն խնդրելուց խուսափելը չեն վերացնում խնդիրները։ Երբեմն ամենակարևոր քայլը սեփական դժվարությունն ընդունելն ու դրա մասին խոսելու համարձակություն գտնելն է։

Ալիտա Եղիազարյան

Leave a comment