Վերջին շրջանում Վլադիմիր Զելենսկին Եվրամիության երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես նրանք իր վասալները լինեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Զելենսկու առարկությունները՝ կապված եվրոպացի ներկայացուցիչների՝ Մոսկվա նախատեսվող այցի հետ, փոխանցում է ТАСС-ը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան դիվանագիտական ուղիներով եվրոպական կողմին առաջարկել է այցելել Ռուսաստան և ներկայացնել իրենց դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության ապահովման վերաբերյալ։ Զելենսկին դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։
«Վերջին շրջանում Զելենսկին Եվրամիության երկրների հետ խոսում է այնպես, կարծես նրանք իր վասալներն են։ Նրանք պարզապես իրենք են իրենց դրել համապատասխան իրավիճակում։ Կամ նրանք իսկապես այդ վիճակում են, և այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում, կամ, այնուամենայնիվ, պետք է հիշեն, որ անկախ պետություններ են»,- ընդգծել է Զախարովան։