Մելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հույս է հայտնել, որ մինչև դեկտեմբերի 25-ը՝ Գրիգորյան օրացույցով նշվող Սուրբ Ծնունդը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի նոր համաձայնություն ձեռք կբերվի, փոխանցում է ТАСС-ը։

Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ նախագահի կնոջը հարցրել են, թե ինչ նվեր կցանկանար ստանալ Սուրբ Ծննդյան տոնին։

«Իհարկե, խաղաղություն ամբողջ աշխարհում։ Բայց առաջին հերթին ես կցանկանայի ավելի շատ հրադադարներ։ Մենք կարող ենք շատ արագ հասնել դրան, եթե և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը ցանկություն ունենան։ Գուցե մինչև Սուրբ Ծնունդ ևս մեկ հրադադար հաստատվի։ Ես հույս ունեմ դա», – պատասխանել է նա։

Մելանյա Թրամփը Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում մարդասիրական գործողության իրականացումը որակել է որպես «մեծ հաջողություն»։

Հոկտեմբերի վերջին նրա աջակցությամբ Մոսկվան և Կիևը համաձայնել են այդ քաղաքում հրադադար հաստատել՝ մարդասիրական գործողությունն իրականացնելու նպատակով։

Հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, ՌԴ զինված ուժերը Խերսոնի ուղղությամբ սահմանել են լռության ռեժիմ՝ Ալյոշկիում մարդասիրական առաքելության նախապատրաստման կապակցությամբ։

Հոկտեմբերի 30-ին տեղի բնակիչներին բաժանվել է մի քանի տասնյակ տոննա մարդասիրական օգնություն, իսկ բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել անխոչընդոտ մեկնելու ինչպես Ռուսաստանի այլ շրջաններ, այնպես էլ Ուկրաինա։

Leave a comment