ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում օրակարգային հարցի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն անդրադարձավ հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկության և լրատվամիջոցների վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին։ Նա քննադատեց գործընկերների օգտագործած բառապաշարը՝ հիշեցնելով, որ Հայաստանում ՀԿ-ներն արդեն իսկ պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները։

Անդրադառնալով հասարակական կազմակերպությունների ֆինանսական թափանցիկության հարցին՝ պատգամավորը հերքեց այն պնդումները, թե Հայաստանում գործող ՀԿ-ների ֆինանսական գործունեությունը թափանցիկ չէ։

Նա հիշեցրեց, որ դեռևս 2020 թվականին ընդունված օրենսդրական փոփոխություններով հասարակական կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 30-ը, հրապարակել իրենց տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները։ Ղազարյանի խոսքով՝ գործող կարգավորումներն արդեն իսկ ապահովում են ՀԿ-ների ֆինանսական գործունեության թափանցիկությունը։

Պատգամավորն անդրադարձավ նաև Վրաստանում ընդունված՝ օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպությունների վերաբերյալ օրենքին՝ հիշեցնելով, որ այն քննադատության է արժանացել միջազգային կառույցների կողմից։

«Տիկին Ղահրամանյանի սիրելի Վենետիկի հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, տիկին Գալստյանի սիրելի Human Rights Watch-ն էլ ասել էր, որ խոսքի ազատության սահմանափակում է»,- նշեց Ղազարյանը։

Ելույթի ավարտին պատգամավորը քննադատեց նաև ընդդիմադիրների այն ձևակերպումները, թե հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները «վայնասուն են բարձրացրել»։ Նա հորդորեց զերծ մնալ նման բառապաշարից՝ նշելով, որ առաջիկայում խորհրդարանում կրկին քննարկվելու են խոսքի ազատությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ, որոնց ընթացքում անհրաժեշտ է լինելու նաև քաղաքացիական հասարակության աջակցությունը։

«Երբ որ գալիս եք այստեղ, խոսում եք այն մասին, որ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները «վայնասուն են բարձրացրել»՝ այդ բառապաշարով եք խոսում, հեսա վաղը-մյուս օրը գալու է, էլի խոսքի ազատության հետ կապված օրենսդրություններ են գալու, ու դո՛ւք եք իրենց աջակցությանը դիմելու»,- հայտարարեց Թագուհի Ղազարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment