Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու հայցը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և նրա կնոջը՝ Նոնա Ղուկասյանին պատկանող 400 քմ հողամասը պետությանը վերադարձնելու պահանջը։

Դատավոր Լիլի Դրմեյանի կայացրած վճռի համաձայն՝ Գլխավոր դատախազությունը բաց է թողել հայցային վաղեմության՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետը, հայտնում է Factor.am-ը:

Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները ներկայում կասեցված են։

Դատական վեճը վերաբերում է Գյումրիի նախկին զինվորական սովխոզի տարածքում տեղակայված 400 քմ մակերեսով հողամասին։ Այն Վարդան Ղուկասյանը ձեռք է բերել 2006 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված աճուրդով՝ այդ ժամանակ զբաղեցնելով Գյումրիի քաղաքապետի պաշտոնը։

Դատախազության պնդմամբ՝ քաղաքի գլխավոր հատակագծով տվյալ հողամասը նախատեսված է եղել որպես հանրային օգտագործման կանաչ գոտի՝ զբոսայգի, ուստի այն ենթակա չի եղել մասնավորեցման կամ ֆիզիկական անձին օտարման։

Գործի փաստաթղթերի համաձայն՝ Ղուկասյանը մասնակցել է հողամասի վաճառքի աճուրդին և հաղթել։ Արդեն 2006 թվականի հոկտեմբերի 10-ին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Ղուկասյանն իր իսկ որոշմամբ հողատարածքը փոխանցել է իրեն։ Այնուհետև հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվել է ամուսինների՝ Վարդան և Նոնա Ղուկասյանների անուններով։

Գլխավոր դատախազությունը պնդել է, որ գործարքն իրականացվել է Հողային օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ։

2026 թվականի ապրիլի 30-ին ներկայացված հայցով դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել անցկացված աճուրդը, քաղաքապետի կայացրած որոշումը, առուվաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի գրանցումները, ինչպես նաև վերականգնել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ։

Դատական նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նույն հողատարածքի օտարման հանգամանքները քննության առարկա են դարձել նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ դեռևս 2021 թվականին սկսված քրեական հետապնդման շրջանակում։

Հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշման մեջ նշվել է, որ Ղուկասյանը, իմանալով հողամասի՝ մասնավորեցման ենթակա չլինելու մասին, մասնակցել է աճուրդին և գնել այն։

Մեղադրանքի համաձայն՝ Ղուկասյանը հետագայում օրինականացրել է նաև տվյալ տարածքում ինքնակամ կառուցված շինությունները։ Քրեական վարույթի փաստաթղթերում արձանագրվել է, որ հողամասի կադաստրային արժեքը կազմել է 324 հազար դրամ։

Վարդան Ղուկասյանին նույն վարույթով մեղադրանքներ են առաջադրվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և այլ ենթադրյալ հանցագործությունների դրվագներով։

Հակակոռուպցիոն դատարանում Ղուկասյանի շահերը ներկայացնող կողմը միջնորդել է կիրառել հայցային վաղեմության ինստիտուտը։ Որպես հիմնավորում՝ ներկայացուցիչը մատնանշել է այն հանգամանքը, որ դատախազությունը հողամասի օտարմանն առնչվող ենթադրյալ իրավախախտումների մասին իմացել է դեռևս 2021 թվականին, սակայն համապատասխան պահանջով դատարան է դիմել հինգ տարի անց՝ 2026 թվականին։

Դատախազությունն առարկել է այս միջնորդությանը՝ հիշեցնելով, որ նախկինում գործարքը վիճարկելու նպատակով դիմել է վարչական դատարան։ Դատախազության ներկայացուցիչը նաև պնդել է, որ հայցային վաղեմության ժամկետը որոշելիս անհրաժեշտ է հաշվառել համայնքային շահերի պաշտպանության լիազորությունների փոփոխություններն ու դատական պրակտիկայի զարգացումները։

Դատարանն այդ փաստարկները չի ընդունել։

Վճռի համաձայն՝ դատախազությունը վիճարկվող գործարքն անվավեր ճանաչելու հնարավոր հիմքերի մասին տեղեկացել է դեռևս 2021 թվականին։ Ընդ որում, առնվազն 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ կառույցն արդեն ունեցել է համապատասխան հայց ներկայացնելու համար բավարար տեղեկություններ և ապացույցներ։

Դատարանը նաև եզրահանգել է, որ նույնիսկ նախկինում տեղի ունեցած դատական գործընթացների հաշվառմամբ դատախազությունը պարտավոր է եղել նոր հայց ներկայացնել առնվազն 2025 թվականի հունվարի 26-ից սկսվող մեկամյա ժամկետում։ Այդ ժամանակահատվածում, սակայն, հայց չի ներկայացվել։

Դատախազության անգործությունը դատարանը որակել է որպես «անբարեխիղճ պասիվ վարքագիծ»։

Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանն արձանագրել է օրենքով նախատեսված մեկամյա հայցային վաղեմության ժամկետի խախտումը՝ այդ հիմքով մերժելով դատախազության պահանջը։

Կարևոր է ընդգծել, որ դատարանը չի քննել հողատարածքի օտարման իրավաչափության հարցը և եզրակացություն չի տվել դրա մասնավորեցման օրինական կամ ապօրինի լինելու վերաբերյալ։ Հայցի մերժման համար հիմք է ծառայել բացառապես հայցային վաղեմության ժամկետի լրանալը։

Միաժամանակ, դատարանը որոշել է մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը չվերացնել հողամասի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը։ Դրանով Վարդան Ղուկասյանին արգելվում է կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել գույքի սեփականատիրոջ փոփոխության կամ դրա փաստացի վիճակի վատթարացման։

Դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Այն կարող է բողոքարկվել Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։

Leave a comment