Արտերկրի առաջատար համալսարաններում կրթություն ստացողներին զորակոչային տարիքի երկարաձգումը կարող է խնդիրներ ստեղծել նրանց համար, որոնք ուսումն ավարտելուց հետո արդեն 30-31 տարեկան են լինում։
Ազգային ժողովում քննարկվող նախագծի վերաբերյալ այս մտահոգությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ նոր կարգավորմամբ այդ մարդիկ կարող են հայտնվել անհավասար պայմաններում։
«Նախագիծը իրականում շատ վատ վիճակի մեջ է դնում այն մարդկանց, ովքեր արտերկրի առաջավոր համալսարաններում կրթություն են ստանում, որովհետև նրանք, որպեսզի այդ համալսարաններում կրթություն ստանան, անցնեն կրթական տարբեր շերտերով, բակալավրի աստիճանը ստանալուց հետո ունենան մագիստրոսական ծրագիր, նրանք արդեն կրթությունը, ըստ էության, ավարտում են մի տարիքում, որը դեռևս ներկա կարգավորումներով զորակոչային տարիք է համարվում։ Հիմա այդ տարիքը ավելի է բարձրացվում»,- ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ գործող օրենքով, եթե քաղաքացին մինչև 28 տարեկանը չի ծառայել բանակում, բայց զորակոչից տարկետում է ստացել օրինական հիմքերով, ապա ազատվում է զինվորական ծառայությունից։
«30 տարեկան մարդուն տանել 18 տարեկանի հետ նույն պայմաններում, նույն զինվորական կոչումով, նույն զորամասում ծառայություն կազմակերպելը դա անթույլատրելի բան է։ Ես զարմանում եմ, որ նախկին զինվորականը, ով հրամանատար է եղել, ով ծառայություն է կազմակերպել, երևույթին դրական է վերաբերվում»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով բանակից ազատման դեպքերին՝ Ղազարյանը նշեց, որ դրանք ուսումնասիրելու անհրաժեշտություն կա նաև 2018 թվականից հետո։
«Ինչ վերաբերում է բանակից ազատելու խնդիրներին, ես կարծում եմ, որ այդ արատավոր երևույթն արժի ուսումնասիրել նաև 18 թվից հետո։ Ասենք՝ ո՞նց է եղել, որ Հանրապետության նախագահի որդին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել հենց 18 թվից հետո, իր հայրն էլ իրենից հետո է պաշտպանել, ու տենց էլ ինքը հայտնի գիտնականների ցանկում երբևէ չի եղել ու բանակից ազատվել է։ Կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի որդիներն ի՞նչ հիմունքներով են բանակից ազատվել։ Կամ պարոն Քոչարյանի որդին ե՞րբ է թեկնածուական ատենախոսություն պաշտպանել, դրանից հետո ի՞նչ գիտական նվաճումներ է արել։ Մի քիչ որ լավ ուսումնասիրեք, կարծում եմ՝ շատ հարուստ նյութ կարող եք ունենալ 18 թվից հետոյի վերաբերյալ»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան