Իսրայելն ու ԱՄՆ-ն դիտարկում են Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը․ CBS
Ինչպես հաղորդում է CBS News-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը մտահոգված է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արտադրական կարողությունների արագ վերականգնմամբ, ինչպես նաև իր ռազմական և միջուկային ենթակառուցվածքները հնարավոր հարվածներից պաշտպանելու նպատակով դրանք ստորգետնյա օբյեկտներ տեղափոխելու ջանքերով։
Ըստ զեկույցի՝ Իսրայելի զինված ուժերը պատրաստ են Իրանի հետ նոր ռազմական առճակատման և բարձրացրել են իրենց պաշտպանական պատրաստվածությունը հնարավոր ամենաբարձր մակարդակի՝ Թեհրանի կողմից հնարավոր առաջին հարվածը հետ մղելու նպատակով։
Աղբյուրները նշում են, որ Նեթանյահուի վարչակազմը կողմ է Միացյալ Նահանգների հետ համատեղ ռազմական գործողության իրականացմանը։ Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի նման գործողություն սկսել, և թե ինչ ձևաչափով այն կարող է իրականացվել։
Նշվում է նաև, որ այս շաբաթ Թրամփը ենթադրել է, թե Իրանը, հնարավոր է, փորձում է ստեղծել քիմիական կամ կենսաբանական զենք, թեև նա որևէ ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու համար այդ պնդումները։