Ռուսաստանի՝ Ուկրաինայի ուղղությամբ գիշերային զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում ընկել է երկու ռուսական հրթիռ և, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը;
Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, հաղորդումներ չեն ստացվել կրիտիկական ենթակառուցվածքների վնասման մասին։
Նախարարի հաղորդմամբ՝ Х-101 հրթիռն ընկել է Նովի Լիպովեցում (Լյուբլինի վոյևոդություն), մյուս հրթիռը՝ Ռուդնիկ-նադ-Սանեմում (Անդրկարպատյան վոյևոդություն), իսկ Մոլոդիչեում ընկել է, ենթադրաբար, ռեակտիվ շարժիչով անօդաչու թռչող սարք։
Կոսինյակ-Կամիշն Ուկրաինային գիշերային հարվածն անվանել է լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ամենախոշորներից մեկը, իսկ Լեհաստանի օդային տարածքի խախտումը՝ «Ռուսաստանի հերթական սադրանք»։ Նույն օրը Նովա Դեմբեում՝ այն շրջանի հարևանությամբ, որտեղ գործել են Լեհաստանի ռազմաօդային ուժերը, նախատեսված էին Ուկրաինային աջակցող երկրների՝ «կամավորների կոալիցիայի» զորավարժությունները։
«Հենց զորավարժությունները և դրանցում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Բալթյան երկրների պաշտպանության նախարարների, ինչպես նաև ութ գլխավոր շտաբերի պետերի, այդ թվում՝ մեր առանցքային դաշնակից երկրների ներկայացուցիչների ներկայությունը հիմք են տալիս ենթադրելու, որ այս իրադարձությունները պատահական չեն համընկել»,-ասել է Կոսինյակ-Կամիշը։
Գեներալ Իրենեուշ Նովակը, իր հերթին, հայտնել է, որ Լեհաստանի սահմանին զինվորականները գրանցել են 11 օբյեկտ, որոնք կարող էին մուտք գործել երկրի օդային տարածք։ Արդյունքում դրանցից երեքը հատել են սահմանը։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրել էր կառավարության արտահերթ նիստ՝ հայտնելով երկրի օդային տարածքի խախտման մասին։ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Լեհաստանը մի քանի անգամ հայտնել է, որ հրթիռներ կամ այլ թռչող սարքեր են մուտք գործել իր օդային տարածք կամ ընկել երկրի տարածքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի