Anthropic-ի IPO-ն կարող է յոթ նոր մուլտիմիլիարդատեր ստեղծել

Արհեստական բանականության Claude մոդելների մշակող Anthropic ընկերության յոթ համահիմնադիրները կարող են դառնալ բազմամիլիարդատերեր՝ Nasdaq բորսայում ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) արդյունքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի գնահատմամբ՝ յոթ համահիմնադիրներից յուրաքանչյուրը բաժնետոմսերի վաճառքից կստանա մոտ 250 մլն դոլար, մինչդեռ IPO-ից հետո նրանցից յուրաքանչյուրին պատկանող բաժնեմասի արժեքը կհասնի շուրջ 18 մլրդ դոլարի։

Ընկերության առանցքային դեմքը 43-ամյա գլխավոր գործադիր տնօրեն Դարիո Ամոդեին է, որը նախկինում աշխատել է Baidu-ում, Google-ում և OpenAI-ում։ Արհեստական բանականության զարգացման ռիսկերի վերաբերյալ տարաձայնություններից հետո նա վեց գործընկերների հետ հեռացել է OpenAI-ից և հիմնել Anthropic-ը։

Ապագա բազմամիլիարդատերերի թվում է նաև Դարիոյի քույրը՝ 39-ամյա Դանիելա Ամոդեին, որը զբաղեցնում է Anthropic-ի նախագահի և տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները։ Նախկինում նա աշխատել է Stripe-ում և OpenAI-ում։

Մյուս հինգ համահիմնադիրներն են՝ Քրիստոֆեր Օլահը, որը ղեկավարում է AI մոդելների մեկնաբանելիության հետազոտությունները, Թոմ Բրաունը՝ հաշվարկային ռեսուրսների տնօրենը, Ջեք Քլարկը՝ Anthropic Institute-ի ղեկավարը, Ջարեդ Կապլանը՝ գլխավոր գիտական աշխատակիցը, և Սեմ Մաքքենդլիշը՝ ընկերության գլխավոր ճարտարապետը։

Նրանք առանցքային դեր են ունեցել արհեստական բանականության մոդելների զարգացման, մասշտաբավորման, անվտանգության և հաշվարկային ենթակառուցվածքների ձևավորման գործում։

Anthropic-ը նախատեսում է Nasdaq բորսայում ցուցակվել ANT տիկերով։ Տեղաբաշխման կազմակերպիչների թվում են Goldman Sachs-ը և Morgan Stanley-ն։ Ընկերությունը նախատեսում է տեղաբաշխել շուրջ 825 մլն բաժնետոմս՝ յուրաքանչյուրի համար 70–78 դոլար գնային միջակայքով։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ վերջնական գինը կարող է գերազանցել այդ միջակայքը և կազմել մոտ 83 դոլար։

Ընդհանուր ծավալից 801.4 մլն բաժնետոմս կառաջարկի հենց Anthropic-ը, իսկ ևս 23,6 մլն բաժնետոմս կվաճառեն գործող բաժնետերերը։

Ընկերության տվյալներով՝ Anthropic-ը և նրա համահիմնադիրները նախատեսում են IPO-ի միջոցով ներգրավել մինչև 64.4 մլրդ դոլար, իսկ մասնավոր տեղաբաշխմամբ՝ ևս 26 մլրդ դոլար։

Leave a comment