Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար․ Սենատը մերժել է բանաձևը, որը Թրամփին կոչ էր անում դադարեցնել Իրանում պատերազմը

Քաղաքականություն

20.11.2026 | 12:58

ԱՄՆ Սենատի հանրապետականները նախօրեին տապալել են բանաձևը, որը նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողություններն Իրանում, գրում է The Hill-ը։

Այս տարի սա առաջին դեպքը չէ, երբ Սենատում նման բանաձև է քվեարկության դրվում։ Սակայն դեմոկրատները հույս ունեին, որ այս անգամ՝ միջանկյալ ընտրություններից հետո, որոնց ընթացքում բազմաթիվ ընտրողներ իրենց աջակցությունն էին հայտնել դեմոկրատներին՝ հակամարտությանը դեմ լինելու պատճառով, բանաձևը կընդունվի։

Քվեարկությունն ավարտվել է ձայների 48 կողմ, 51 դեմ հարաբերակցությամբ։

Ռազմական լիազորությունների մասին բանաձևը հիմնականում խորհրդանշական քվեարկություն է։ Դեմոկրատները ցանկանում էին, որ հանրապետականները հրապարակայնորեն արձանագրեն պատերազմը դադարեցնելու առաջարկին դեմ քվեարկությունը, թեև նույնիսկ բանաձևի ընդունման դեպքում Թրամփը, ամենայն հավանականությամբ, չէր ստորագրի այն, ասվում է հրապարակման մեջ։

Սենատում ռազմական լիազորությունների մասին բանաձևի քվեարկությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հակամարտության ծախսերը հոկտեմբերից ի վեր աճել են։ Հոկտեմբերի դրությամբ՝ դրանք կազմել են 47 միլիարդ դոլարից մի փոքր ավելի։

Պենտագոնի բյուջետային և հատկացումների հարցերով փոխվերահսկիչ Արթուր Միլլերը հինգշաբթի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտնել է, որ նոյեմբերի 13-ի դրությամբ՝ Իրանի դեմ պատերազմի թարմացված արժեքը կազմել է 48,3 միլիարդ դոլար։ Այս գումարը ներառում է զինամթերքի, ռազմական տեխնիկայի փոխարինման և ռազմական գործողությունների ծախսերը, սակայն չի ներառում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին հասցված վնասի ամբողջական արժեքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment