Նոյեմբերի լույս 20-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային բալիստիկ և թևավոր հրթիռներով, ինչպես նաև ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով։ Հարվածների թիրախում են հայտնվել Կիևը, Խարկովը և Լվովի մարզը, իսկ առավոտյան թևավոր հրթիռներն ուղղվել են դեպի Վիննիցայի մարզ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կիևի քաղաքապետի հաղորդմամբ՝ մայրաքաղաքում հարվածներ են հասցվել Դնեպր գետի վրայով անցնող երեք կամուրջների։
«Մայրաքաղաքի ուղղությամբ իրականացված բալիստիկ հարձակման հետևանքով վնասվել է Պոդոլսկո-Վոսկրեսենսկի կամրջային անցումը։ Այս պահին այդ կամրջով աջ ափից ձախ ափ երթևեկությունը փակ է»,- սոցցանցերում հայտնել է Վիտալի Կլիչկոն։
Նրա խոսքով՝ վնասվել է նաև Դարնիցկի կամուրջը, նոր հարված է հասցվել Հարավային կամրջին, ինչպես նաև վնասվել է ևս մեկ «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ»։ Կլիչկոյի հաղորդմամբ՝ Հարավային կամրջով երթևեկությունը շարունակվում է «սահմանափակ ռեժիմով»՝ միայն ձախ ափից դեպի աջ ափ և ավտոմեքենաների քաշի սահմանափակումներով։
Հրթիռային հարձակումը շարունակվում է։ Մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ Ռուսաստանի կողմից Սև ծովից արձակված թևավոր հրթիռներն ուղղվում են դեպի Ուկրաինայի արևմտյան շրջաններ։ Երկրի արևելքից և հյուսիսից օդային տարածք են մտել ռազմավարական ռմբակոծիչներից արձակված թևավոր հրթիռներ։ Բացի այդ, շարունակվում են Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակումները։
Կիևի ռազմական վարչակազմի հաղորդմամբ՝ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Կիևում երեք մարդ է զոհվել։ Եվս երկու մարդ վիրավորվել է։ Մոնիթորինգային ալիքները հայտնում են թևավոր հրթիռների մի քանի խմբերի մասին, որոնք թռչում են Ուկրաինայի արևմտյան շրջանների և Կիևի մարզի հյուսիսային հատվածի վրայով։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Ուկրաինայի ուղղությամբ իրականացված զանգվածային հարվածի վերաբերյալ։ Գերատեսչության պնդմամբ՝ հարվածների թիրախում են հայտնվել ռազմական ձեռնարկություններն ու հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները, ինչպես նաև «Կիև քաղաքում, Կիևի, Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Լվովի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում գտնվող էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները»։ Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին և ծովային նավերին։ Ռուս զինվորականների պնդմամբ՝ նավահանգիստներն ու նավերը նույնպես օգտագործվում են «Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով»։
Հավելենք, որ նախօրեին ռուսական հարվածների հետևանքով վնասվել են Կիևում Ավստրիայի և Նիդերլանդների դեսպանատները, կոտրվել են ապակիները, վնասվել են մեքենաները, դիվանագետները չեն տուժել։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը հայտարարել է, որ կանչելու է Ամստերդամում Ռուսաստանի դեսպանին՝ այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է Կիևում Նիդերլանդների դեսպանատունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի