«Դու գողի «աբսլուգ» ես, դու ավելի վատն ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից այսպիսի որակումներ էր հնչեցնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հասցեին։
«Ես Ղարաբաղի շարժումը չեմ օգտագործել, որ Երևանի կենտրոնում շենքեր ունենամ սեփական կամ էլ միլիոնատեր լինեմ՝ ձեր շարքում նստած։ Ես զինվորի սնունդը չեմ գողացել ոմանց նման՝ տարել մատուցել գեներալ Մանվելին՝ արջերին»,- ասում էր վարչապետը։
Երեկ միայն Փաշինյանի այս խոսույթը չէր, որ քննադատվեց քաղհասարակության կողմից։
«Վախկոտը դու ես ու գնացի՛ր ստեղից։ Արագ։ Արագ դո՛ւրս եկար ստեղից։ Դավա՛յ։ Դո՛ւրս եկար։ Դավա՛յ»,- դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ ասում էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մինչ պետական ամենաբարձր պաշտոնյաները վիրավորական խոսույթ են կիրառում, Արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է ներկայացնում հանրային քննարկման․ վիրավորանքի համար սահմանել նվազագույնը 1 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ 2 մլն դրամ փոխհատուցում։ Այս պահի դրությամբ՝ նվազագույն շեմ նախատեսված չէ։
«Սա նմանվում է տուգանքի, ոչ թե փոխհատուցման։ Եվ այս առումով նույնպես շատ տարակուսելի է, թե ինչի է այդ սահմանափակումը մտցվում։ Սահմանափակում է, փաստորեն, հայցվորի իրավունքը, սահմանափակում է դատարանների հնարավորությունները և մահակ դառնում լրատվամիջոցների համար»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ըստ Արդարադատության նախարարության՝ փոփոխությունների նպատակն է ապահովել պատճառված վնասի ծանրությանը համարժեք հատուցում և բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետությունը։ Այնինչ, քաղհասարակությունը զգուշացնում է՝ սա կարող է ֆինանսական ճնշման գործիք դառնալ լրատվամիջոցների նկատմամբ և սպառնալ խոսքի ազատությանը։
«Մենք չափազանց խնդրահարույց ենք համարում այս օրենքի նախագիծը և պահանջում ենք հետ կանչել։ Չեմ բացառում, որ այս նախաձեռնությունը ծնվել է ինչ-որ էմոցիոնալ ֆոնի վրա՝ որոշ պաշտոնյաների և որոշ քաղաքական գործիչների շրջանակում, և պետք է մտավախություն նաև արտահայտեմ, որ նման օրենքի նախագծի ընդունման պարագայում Հայաստանի միջազգային վարկանիշը կարող է վտանգվել»,- ընդգծում է ԽԱՊԿ նախագահը։
Երեք օր առաջ քննարկման ներկայացված նախագիծը, կարծես թե, այնքան էլ չի հետաքրքրում կառավարության ղեկավարին։ Factor TV-ն այսօր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից իր թիմը բերում է նախագիծ, որով վիրավորանքը, զրպարտությունը խստացվում է տուգանքի չափերով, մյուս կողմից՝ հենց իր բերանից վիրավորական խոսք է հնչում։
Փաշինյանը, ի պատասխան, կրկին բորբոքվեց․ «Մենք ընդդիմության հետ հարաբերվում ենք այն ձևով, ինչ ձևով իրենք են մեզ հետ հարաբերվում։ Շատ պարզ պատասխան կա։ Այսինքն՝ մենք չենք պատրաստվում ընդդիմությանը տալ հնարավորություն՝ ինչ ուզես, երբ ուզես, ոնց ուզես ասելու, այն պարագայում, եթե մենք այդ նույնը պետք է չանենք։ Ես այսպիսին եմ և այսպես եմ հաղորդակցվում, ես չեմ պատրաստվում էդ դուրսպրծուկներին հանդուրժել»։
Սա, սակայն, այսօրվա ճեպազրույցի ընթացքում Փաշինյանի վրդովմունքի նախերգանքն էր․ «Սատկացնելու եմ Միշիկի գլխավորությամբ և բոլոր Եռաբլուրը մանրադրամ սարքողներին, բոլոր Եռաբլուրը մանրադրամ… Դուք եղկելի եք, եղկելի եք, եղկելի եք»։
Լրագրողը հենց տեղում հայտարարեց՝ «եղկելի» բառի համար դատի է տալու Փաշինյանին։
«Ես էլ կգտնեմ առիթներ ձեզ դատի տալու։ Դատարանում կհանդիպենք»,- արձագանքեց վարչապետը։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն ընդգծում է՝ իշխանության առաջին դեմքերի խոսույթը խնդրահարույց է ցանկացած հանրային ամբիոնում, խոսքը և՛ խորհրդարանի մասին է, և՛ վարչապետի՝ լրագրողների հետ հանդիպումների, անգամ որոշ դեպքերում նաև խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ և կառավարության նիստերում:
«Սա, իհարկե, բավականին վտանգավոր երևույթ է հանրային բարոյականության տեսակետից, քանի որ անգամ եթե պատկերացնենք, որ վարչապետը և իր քաղաքական թիմի ներկայացուցիչները միշտ ճիշտ են, թեև այդպես, իհարկե, չի լինում, և շատ դեպքերում ոչ հիմնավոր գնահատականներ են տալիս և կարծիքներ են ներկայացնում, տարածում: Բայց դա նշանակում է, որ ինչ-որ տեղ դա ուղերձ է նաև բոլոր քաղաքացիներին, որ եթե դուք համարում եք, որ ճիշտ եք, ուրեմն կարող եք օգտագործել և՛ վիրավորական արտահայտություններ, և՛ անհանդուրժողականություն ձևավորեք, ագրեսիվություն դրսևորեք»,- նշում է Նավասարդյանը:
Ստացվում է՝ նմանօրինակ նախագծերը ձևակա՞ն բնույթ են կրում։ Նավասարդյանն ընդգծում է՝ ձևական են, միգուցե, իշխանության ներկայացուցիչների պատկերացումներում․ «Մարդիկ, որոնք օժտված են իշխանության լծակներով, իրենց ավելի ապահով և պաշտպանված են զգում, քան մյուս քաղաքացիները: Եվ դա ինչ-որ տեղ խրախուսում է նման ագրեսիվ և անհանդուրժողական կեցվածք քաղաքական գործիչների, պաշտոնյաների մոտ: Կրկնում եմ, դա լավ հետևանքներ չի կարող բերել հանրային հարաբերությունների, հասարակության առողջության տեսակետից»:
Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն այս պահին ներկայացված է հանրային քննարկման, երեկ այն հետ կանչելու առաջարկ է ներկայացրել 9 հասարակական կազմակերպություն։ Հայտարարության տակ ստորագրած կազմակերպությունները գտնում են, որ այն պետք է ուղարկել Եվրոպայի խորհուրդ և այլ միջազգային կառույցներ՝ փորձաքննություն իրականացնելու և եվրոպական նորմերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացություն ստանալու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան