Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մինսկում հանդիպել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ, Վրաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունները տեղի են ունեցել երկու երկրների միջև վերսկսված ուղիղ երկխոսության շրջանակներում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը։ Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ, որոնց մանրամասները ԱԳՆ-ն չի հրապարակել։
Երկու երկրների ներկայացուցիչները անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Նրանք շնորհակալություն են հայտնել Բելառուսին՝ բանակցությունների անցկացմանը աջակցելու համար, և պայմանավորվել են պահպանել կապը՝ ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Զուրաբաշվիլիին նշանակել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով իր հատուկ ներկայացուցիչ։ Վրաստանի կառավարության ղեկավարը որպես երկրի առաջնահերթություններ է նշել Մոսկվայի հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորումը, առևտրատնտեսական կապերի զարգացումը և հումանիտար երկխոսությունը։ Օգոստոսին Կոբախիձեն բացառել էր Մոսկվայի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, քանի դեռ Ռուսաստանը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Նա նաև ընդգծել էր, որ Թբիլիսին հանդես է գալիս տարաձայնությունների խաղաղ կարգավորման օգտին։