Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանի և Կառավարության ներկայացուցչի միջև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ու Հայաստանի զինված ուժերի պատրաստվածության շուրջ հարցուպատասխանն ավարտվեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կոշտ նախազգուշացմամբ։
Ղազարյանն անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության և Հայաստանի համար դրանից բխող հնարավոր սպառնալիքների մասին։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին Շուշիում ստորագրվել է թուրք-ադրբեջանական համատեղ հռչակագիր, և պնդեց, որ երկու երկրների զինված ուժերը պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի սահմանների մոտ և Արցախի տարածքում։
«2021 թվականին Շուշիում ստորագրվել է թուրք-ադրբեջանական համատեղ հռչակագիր… Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սահմաններին, այդ թվում՝ օկուպացված Արցախի տարածքում, տարեկան իրականացնում են միջինում 25 համատեղ զորավարժություններ: …Բոլոր այդ զորավարժություններում խաղարկվում է Հայաստանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի սցենարը»,- հայտարարեց Ղազարյանը։
Արձագանքելով հարցին՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը չհամաձայնեց Հայաստանի զինված ուժերի զորավարժությունների վերաբերյալ Ղազարյանի պնդումներին։ Նա նշեց, որ հայկական զինված ուժերը նույնպես մասնակցում են տարբեր զորավարժությունների, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։
«Դուք հիանալի տիրապետում էիք Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունների քանակին… բայց ընդհանրապես չեք տիրապետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նման գործընթացներին: …Մենք մի քանի անգամ արդեն մասնակցել ենք «Արծիվ» զորավարժությանը Միացյալ Նահանգների խաղաղապահ ուժերի հետ, այն էլ Հայաստանում»,- ասաց Խաչատրյանը։
Արձագանքման ընթացքում Էդգար Ղազարյանը հակադարձեց՝ նշելով, որ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, իր գնահատմամբ, ուղղված չեն թուրք-ադրբեջանական հնարավոր ռազմական սպառնալիքների չեզոքացմանը։
Այնուհետև նա անդրադարձավ նաև նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին՝ քննադատելով նիստը նախագահելու նրա գործելաոճը։
«Իսկ ինչ վերաբերում է նիստը նախագահելու ընթացքին, ես տպավորություն ստացա, որ նախագահողը սկզբից միայն թվերը գիտի, հետո պարզվեց, որ դա էլ չգիտի»,- ասաց Ղազարյանը։
Այս հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Էդգար Ղազարյանին՝ զգուշացնելով, որ հաջորդ նման դեպքի դեպքում վերջինս կհեռացվի նիստից։
«Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին: Հաջորդ նախազգուշացում չի լինելու, և նա նիստից դուրս է հրավիրվելու»,- հայտարարեց Ռուբինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան