Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին

Ռուսական Բելգորոդը ենթարկվել է զանգվածային հրթիռային հարձակման: Հակաօդային պաշտպանության համակարգը քաղաքի վրա նաև ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է խոցել: Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բազմաբնակարան շենքի մեկ բնակարան։ Այս մասին  տելեգրամում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին ուշ երեկոյան նա հաղորդել էր նոր հրթիռային հարվածի մասին։ Նախնական տեղեկություններով՝  վիրավորներ չկան։

«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին զգալի վնաս է հասցվել»,- գրել է նահանգապետը։

«Пепел» տելեգրամ ալիքը հաղորդել է, որ հրթիռային հարված է հասցվել Բելգորոդի ՋԷԿ-ին: Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումից հետո Բելգորոդի կենտրոնում ջեռուցման անջատումներ են սկսվել։

Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ նախորդ հրթիռային հարվածներից հետո ջեռուցումը վերականգնվել է: Նա զգուշացրել է, որ մինչև գարնան կեսերը կենտրոնական ջեռուցմամբ տներում տաք ջուրը կանջատվի՝ էլեկտրաէներգիա խնայելու համար:

ՏԱՍՍ-ը, հղում անելով «արևմտյան աղբյուրին», երկուշաբթի հաղորդել է, որ էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների հնարավոր մորատորիումը կքննարկվի Ժնևում փետրվարի 17-18-ը կայանալիք եռակողմ բանակցությունների ժամանակ: Էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների նախորդ մորատորիումն ուժի մեջ էր մնացել մի քանի օր՝ մինչև փետրվարի 1-ը: Կիևը հայտարարել էր նոր «էներգետիկ հրադադարի» պատրաստակամության մասին, սակայն Մոսկվան դեռևս համաձայնություն չի տվել:

Բացի այդ, Բրյանսկում էներգետիկ օբյեկտների վրա Ուկրաինայի կողմից իրականացված հարվածի հետևանքով ջերմամատակարարումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը մասամբ դադարեցվել են, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։ Ջերմամատակարարման և էլեկտրաէներգիայի անջատումներից տուժել են նաև Բրյանսկի մարզի հինգ համայնքները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ փետրվարի 15-ին ժամը 20:00-ից մինչև 23:00-ն ՀՕՊ ուժերը որսացել են 49 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից մի քանիսը՝ Բրյանսկի մարզի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment