Ամերիկյան Heidrick & Struggles հավաքագրման ընկերությունը Nvidia Corp.-ի նոր գլխավոր գործադիր տնօրենի որոնումների շրջանակում դիմել է բրիտանական Arm Holdings պրոցեսորային տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ընկերության ղեկավար Ռենե Հաասին։ Այս մասին Bloomberg-ը հաղորդում է՝ հղում անելով աղբյուրին։
Նրա խոսքով՝ Heidrick & Struggles-ն արդեն սկսել է կապ հաստատել այդ պաշտոնի հնարավոր թեկնածուների հետ։ Ընկերությանը վարձել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը։
Arm-ը հրաժարվել է մեկնաբանություն տալ գործակալությանը։ Nvidia-ն հարցմանը չի պատասխանել։
Bloomberg-ի նշմամբ՝ Հաասը ամերիկյան չիպեր արտադրող ընկերության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։ Մյուս հնարավոր թեկնածուների թվում են Nvidia-ի փոխնախագահ Յան Բաքը, Advanced Micro Devices-ի գլխավոր գործադիր տնօրեն Լիզա Սուն և Apple Inc.-ի ապարատային ապահովման գծով գլխավոր տնօրեն Ջոնի Սրուջին։
Հաասը յոթ տարի աշխատել է Nvidia-ում՝ որպես հաշվարկային արտադրանքների գլխավոր մենեջեր։ 2020 թվականին Nvidia-ն փորձել է ձեռք բերել Arm-ը, սակայն կարգավորող մարմինները դեմ են արտահայտվել գործարքին, և այն չի կայացել։
Անցած շաբաթ Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Հուանգը հեռացել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի և նախագահի պաշտոններից, ինչպես նաև լքել է տնօրենների խորհուրդը՝ արտամուսնական կապերի բացահայտումից հետո։ Դրանց թվում են գործարար Էլիս Հուանգի հետ հարաբերությունները։ ԱՄՆ իշխանությունները վերջինիս կասկածում են Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Հուանգը ընկերությունը ղեկավարել է ավելի քան 30 տարի։ Այժմ գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ֆինանսական տնօրեն Կոլետ Քրեսը։
Նոյեմբերի 17-ին Հուանգը ներողություն է խնդրել ընտանիքից և նախկին ենթականերից՝ ընդունելով, որ իր անձնական կյանքում թույլ տված «լուրջ սխալների» համար ամբողջությամբ պատասխանատու է։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել կրկին գլխավորելու Nvidia-ն, եթե տնօրենների խորհուրդը նման առաջարկ անի։ Սակայն խորհրդի նախագահ Հարվի Ջոնսը հայտարարել է, որ Հուանգին այդ պաշտոնում վերադարձնելու ծրագիր չկա։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։