Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը

Երեկ Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է ժամանակի սղության պատճառով։ Այս մասին Factor.am-ը տեղեկացավ ԱԳՄԱ նախարարությունից։

Նախարարների հանդիպումից հետո նախատեսվող մամուլի ասուլիսը նախ մեկ ժամ հետաձգվեց, ըստ նախարարության՝ տեխնիկական հարցերի պատճառով, ապա հայտնի դարձավ, որ այն տեղի չի ունենա։ Ավելի ուշ նախարարությունը Միրզոյանի և Վադեֆուլի զրույցի մասին հաղորդագրություն տարածեց:

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ պատվիրակությունն ուշանում էր մեկնումից և նախատեսված էր հանդիպում նաև ՀՀ վարչապետի հետ, այդ պատճառով էլ չեղարկվել է նախարարների ասուլիսը։

Գերմանացի պաշտոնյայի գլխավորած պատվիրակությանը ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Յոհան Վադեֆուլը հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն զարգացնելու Գերմանիայի պատրաստակամությունը։ Միաժամանակ, Գերմանիայի ԱԳ նախարարը շեշտել է իր երկրի Կառավարության աջակցությունը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ։

Յոհան Վադեֆուլը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, մասնավորապես, կարևորվել է կանաչ էներգիայի բնագավառում փոխգործակցության զարգացումը։

Կառավարությունից հայտնել են, որ կողմերը անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ։

Անի Թամրազյան

Leave a comment