ԵՊՀ գործող ռեկտորը կշարունակի պաշտոնավարել (PAN.am)

Կառավարությունը հավանություն է տվել Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքներին, հայտնում է «Ազատությունը»:

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար անցկացված մրցույթում հաղթել է բուհի ներկայիս ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը՝ լինելով միակ թեկնածուն։ Նա շուրջ հինգ տարի զբաղեցնում է ռեկտորի պաշտոնը, իսկ մինչ այդ մի քանի ամիս կատարել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննիսյանը 2018 թվականին զբաղեցրել է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը, որից հետո «Իմ քայլը» դաշինքի կազմում ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։

ԵՊՀ-ում Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում մի շարք դասախոսներ հայտարարել են, որ համալսարանից իրենց հեռացման հիմքում քաղաքական դրդապատճառներ են եղել։ Բուհի ղեկավարությունը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները։

Մի քանի ամիս առաջ դատարանն ապօրինի է ճանաչել ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանին համալսարանից հեռացնելու մասին որոշումը։ Դատական կարգով դեկանի պաշտոնից իր ազատման որոշումը վիճարկելու նպատակով դատարան է դիմել նաև Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանը: Վերջինիս որդին՝ Դավիթ Ղազինյանը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր է։

Leave a comment