Միրզոյան․ ՀՀ-ն ու Թուրքիան ծրագրում են Մարգարայի հատվածում նոր կամուրջ կառուցել

Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում:

Նա նշել է նաև, որ ծրագրում են Ախուրիկի ու Երասխի երկաթուղային հանգույցների վերանորոգում ու արդիականացում, հայտնում է Aysor.am-ը:

«ՏԿԵՆ-ը երկու մրցույթ էր հայտարարել, ցավոք հաջող չեն, բայց մենք ունենք ըմբռնում առաջ շարժվելու»,- ասել է Միրզոյանը։

Միրզոյանը նշել է նաև, որ կառավարության հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության միջոցառումներից է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանների բացումը, հայտնում է Արմենպրեսը:

«Կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների շրջանակում նախատեսել ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում և սահմանների բացում»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով պատրաստակամություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ 2022–ին Վիեննայում երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն մինչ այժմ այդ պայմանավորվածությունները գործնականորեն չեն իրականացվել։

2025 թվականի սեպտեմբերին Սերդար Քըլըչը այցելել է Հայաստան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման քայլերը և եկել են համաձայնության՝ արագացնել այդ գործընթացը։

Leave a comment