Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառներն ու դրանց դեմ պայքարի նախատեսվող քայլերը
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում ավտոմեքենաների քանակն այսուհետ պետք է նվազի, իսկ դրանց փոխարեն պետք է աշխատի հուսալի հանրային տրանսպորտը։
Նա հայտնել է, որ երկու շաբաթից հանրային քննարկման կներկայացվի Երևանի երթևեկության կարգավորման լուծումների ամբողջական փաթեթը, որը ներառում է նաև ավտոմեքենաների սահմանափակումներ՝ ըստ արտանետումների։
«Մենք առաջարկելու ենք, որ կոնկրետ վարչական շրջաններ և կոնկրետ հատվածներ կարող են մտնել ասենք Եվրո 4 ստանդարտի ավտոմեքենաներ, իսկ բոլոր մնացյալ ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում», – ասել է Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Քաղաքապետի խոսքով՝ որոշ դեպքերում սահմանափակված հատվածներ մուտք գործելու համար կարող է նախատեսվել նաև լրացուցիչ ֆինանսական բեռ, սակայն կոնկրետ մեխանիզմները դեռ չեն ներկայացվել։
Նա ընդգծել է, որ առաջարկվող սահմանափակումները կապված են օդի աղտոտվածության և առողջապահական խնդիրների հետ, մասնավորապես՝ ավտոմեքենաներից արտանետվող ազոտի երկօքսիդի (NO₂)։
Ավինյանի խոսքով՝ երթևեկության կարգավորման առաջնահերթություններից է նաև հանրային տրանսպորտի հուսալի աշխատանքի ապահովումը։ Դրա համար հաջորդ տարի նախատեսվում է ներդնել նոր առանձնացված ավտոբուսային գծեր, որոնք կներառեն քաղաքի հիմնական հոսքերն ու տարբեր վարչական շրջանները։
Քաղաքապետը նշել է, որ առանձնացված գծերի ներդրումը հնարավորություն կտա հանրային տրանսպորտը դարձնել ավելի հուսալի, իսկ քաղաքացիները կկարողանան կանխատեսել տեղաշարժի ժամանակը։