Հրազդանում 38 և 46 տարեկան երկու տղամարդ գողացել են կայանված ավտոմեքենան՝ օգտվելով մեքենայում թողնված բանալուց (ՎԻԴԵՈ)

Հրազդանում երկու տղամարդ գողացել են կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ օգտվելով այն հանգամանքից, որ բանալին թողնված է եղել մեքենայում. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հրազդանում երկու տղամարդ գողացել են կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ օգտվելով այն հանգամանքից, որ բանալին թողնված է եղել մեքենայում։ Տղամարդիկ հայտնաբերվել և ձերբակալվել են, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Նոյեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ավտոմեքենայի գողության մասին։ Դեպքի վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։


Ահազանգողը հայտնել է, որ ժամը 15։30-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Կենտրոն թաղամասում կայանված իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան գողացել են՝ օգտվելով մեքենայում թողնված բանալուց։


Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի համայնքային ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչներ՝ 38 և 46 տարեկան երկու տղամարդ։


Երկուսն էլ հայտնաբերվել և գողացված ավտոմեքենայի հետ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին։


Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին, այնուհետև տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։


Նախաքննությունը շարունակվում է։




Leave a comment