Հունվարի 1-ից «Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի․ շահառուները կկարողանան տնօրինել կուտակված գումարներն իրենց հայեցողությամբ

Հունվարի 1-ից «Սոցիալական փաթեթ» ծրագիրը կդադարեցվի․ շահառուները կկարողանան տնօրինել կուտակված գումարներն իրենց հայեցողությամբ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկում ենք ավարտել «սոցիալական փաթեթ» ծրագիրը, որը 2012 թվականին ներդրվել էր մեր երկրում։ Առաջարկում ենք ծրագիրը 2027 թվականի հունվարի 1-ից չշարունակել։ Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 19-ի նիստում ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Ըստ նախարարի՝ նախկինում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներին տրվող փոխհատուցման պատճառն այն էր, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր էին։ Այն պետք է ծառայեր որպես ֆինանսական խթան պետական համակարգում որակյալ կադրեր ներգրավելու համար։ Սակայն, ըստ Արսեն Թորոսյանի, հանրային կառավարման ոլորտում գործող իշխանությունների իրականացրած փոփոխությունների արդյունքում ծրագիրը կորցրել է իր սկզբնական իմաստը։

«Մեր քաղաքացիներից շատերն իրենց հատուկ բանկային հաշիվներում ունեն սոցիալական փաթեթի համար փոխանցված բավականին մեծ կուտակված գումար՝ մոտավորապես 13 մլրդ դրամի չափով, որը նրանք հնարավորություն ունեին ծախսելու կոնկրետ ուղղություններով։ Մենք նախագծով առաջարկում ենք, որ այդ կոնկրետ ուղղությունները դեռ ուժի մեջ մնան ևս 6 ամիս, և դրանից հետո արդեն որևէ ուղղություն չլինի, և նրանք կարողանան տնօրինել հասանելիք գումարներն իրենց ցանկությամբ, հայեցողությամբ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ նախագիծը պետք է քննարկվի նաև ԱԺ-ում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սոցիալական փաթեթը շատ կարևոր էր պետական համակարգի առավել խոցելի հատվածի համար, նաև նշեց, որ որոշման նախագիծը կապ ունի այլ նախագծի հետ, որը երեկ ԱԺ-ում քննարկվում էր, այն է՝ մինչև 200 հազար դրամ ստացող անձանց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառելու նախագծի հետ։

«Երկու որոշումները, երկու օրենքներն իրար հետ որոշակի բովանդակային կապ ունեն։ Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ ստացող անձանց ներառում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ։ Սոցիալական փաթեթի ծախսը նաև առողջության հետ կապված որոշակի երաշխիքի համակարգ ստեղծելու նպատակ ուներ։ Հունվարի 1-ից այդ խնդիրը լուծվում է։

Հիմա հանրային կառավարման բարեփոխումների մեջ ենք։ Նաև կատարողականի հիման վրա աշխատանքի գնահատման և վարձատրության համակարգը փուլ առ փուլ գործարկում ենք, և, օբյեկտիվորեն, սոցիալական փաթեթի անհրաժեշտություն չկա»,- ասաց նա։

Leave a comment