Հայաստանն ու Ադրբեջանն ավելի առարկայական քննարկում են անհետ կորածների հարցով համագործակցության նոր ձևաչափը. Փաշինյան

Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շուրջ 1000 մարդ համարվում է անհետ կորած


ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի առարկայական քննարկումներ են վարում անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցության ինստիտուցիոնալացման հարցի շուրջ։


Այս մասին հինգշաբթի Երևանում ընթացող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այդ թվում՝ Դուբլինում տեղի ունեցած քննարկումների համատեքստում մենք առավել կոնկրետ ու մանրամասն ենք քննարկում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման շուրջ համագործակցությունն առավել ինստիտուցիոնալ դարձնելու խնդիրները», – ասել է Փաշինյանը։


Նոյեմբերի 12-ին Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել էին խաղաղության օրակարգի առաջմղումը։


Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում շուրջ 1000 մարդ համարվում է անհետ կորած։ Նրանցից մոտ 777-ը անհետ կորած են համարվում դեռևս 1990-ական թվականների սկզբից։ Անհետ կորածների թվում են նաև այն քաղաքացիները, որոնց ճակատագիրն անհայտ է մնում 2020 թվականի իրադարձություններից և դրան հաջորդած ժամանակահատվածից հետո։


Վարչապետն ընդգծել է, որ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ եղանակը Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունն է։


Միևնույն ժամանակ, Փաշինյանը լուրջ փոխադարձ անվստահությունը նշել է որպես անհետ կորածների ճակատագիրը պարզելու ճանապարհին առկա հիմնական խոչընդոտներից մեկը։


Երևանում նոյեմբերի 19–20-ը անցկացվում է «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովը։


 


Leave a comment