ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, ընկերություններին կպարտավորեցնեն բացահայտել չինական ԱԲ մոդելների օգտագործումը. Reuters

ԱՄՆ-ում, ըստ ամենայնի, ընկերություններին կպարտավորեցնեն բացահայտել չինական ԱԲ մոդելների օգտագործումը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ամերիկյան ընկերություններին պարտավորեցնելու հնարավորությունը՝ հրապարակավ բացահայտելու արհեստական ​​բանականության չինական մոդելների օգտագործման մասին տեղեկությունները: Այդ միջոցառումը միտված է նվազեցնելու բիզնեսի կախվածությունը չինական տեխնոլոգիաներից՝ առանց նոր սահմանափակումների մտցման, որոնք կարող են առաջացնել ոլորտի կամ Պեկինի դժգոհությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քննարկումներին ծանոթ երեք աղբյուրների:

Նախաձեռնությունը քննարկել են ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը և Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիական քաղաքականության վարչությունը (OSTP): Ըստ առաջարկի՝ չինական ԱԲ մոդելներ օգտագործող ընկերությունները ստիպված կլինեն համապատասխան տեղեկվություններ հրապարակել իրենց կայքերում:

Մասնավորապես, դա կարող է վերաբերել Airbnb-ին, որն օգտագործում է չինական Alibaba ընկերության Qwen արհեստական ​​բանականության մոդելը՝ հաճախորդների աջակցության իր ԱԲ գործակալի աշխատանքի համար:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք նախաձեռնությունը բավարար աջակցությո՞ւն է ստացել վարչակազմի ներսում և արդյոք այն կձևակերպվի՞ որպես պաշտոնական նորմատիվ ակտ: Ընդմսին, բուն քննարկումը վկայում է իշխանությունների ձգտման մասին՝ սահմանափակելու հզոր չինական բաց քաշերով (open weights) մոդելների տարածումը: Նման մոդելներն օգտատերերին հնարավորություն են ընձեռում մուտք գործել հիմնական բաղադրիչներ, որոնք կարելի է ներբեռնել և հարմարեցնել սեփական խնդիրներին:

Ըստ էության, վարչակազմը դիտարկում է «անվանիր և ամաչեցրու» սկզբունքով հրապարակային բացահայտման արշավի հնարավորությունը՝ ձգտելով հետ պահել ամերիկյան բիզնեսին չինական ԱԲ-ի օգտագործումից՝ միաժամանակ չհրաժարվելով ոլորտի չափից դուրս կարգավորման դեմ ուղղված ընդհանուր կուրսից:

Սպիտակ տունը, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը և Alibaba-ն չեն պատասխանել Reuters-ի մեկնաբանության խնդրանքներին: Airbnb-ում հայտարարել են, որ ընկերությունն օգտագործում է հիմնականում ամերիկյան ԱԲ մոդելներ: Ըստ ծառայության ներկայացուցչի՝ չինական ծագման մոդելների սահմանափակ թիվ կիրառվում է միայն հաստատված ամերիկյան ծառայություններ մատակարարների միջոցով, իսկ տվյալներն ու գործողություններն առանձնացված են միմյանցից և պաշտպանված:

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը դեմ է արտահայտվել առևտրային և տեխնոլոգիական հարցերի քաղաքականացմանը՝ հայտարարելով, որ նման մոտեցումը կզսպի համաշխարհային արհեստական ​​բանականության զարգացումը և օգուտ չի բերի ոչ մի կողմին: Պեկինը նաև խոստացել է պաշտպանել չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը:

Նախաձեռնության շուրջ քննարկումներն ընթանում են Վաշինգտոնում չինական տեխնոլոգիաների նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջների ուժգնացման հետնապատկերին: Հավելյալ ուշադրություն են գրավել Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի՝ չինական «լրտեսի» հետ ենթադրյալ կապի մասին հաղորդագրությունները, ինչպես նաև Nvidia-ի ԱԲ չիպերի՝ Չինաստան մաքսանենգության դեպքերը, որոնք պատժի չեն հանգեցրել:

Չինական բաց քաշերով մոդելներն ամերիկյան ընկերությունների շրջանում մեծ ժողովրդականություն են ձեռք բերում՝ առաջատար ամերիկյան մշակողների՝ OpenAI-ի և Anthropic-ի փակ ԱԲ արտադրանքների համեմատ ավելի ցածր արժեքի շնորհիվ: Ընդ որում, դրանց արդյունավետությունը բազմաթիվ խնդիրներում բավարար է բիզնեսի համար:

Ընդսմին, Պեկինի նկատմամբ կոշտ դիրքորոշում ունեցողները մտավախություն ունեն, որ չինական իշխանությունները կարող են այս կերպ ձևավորել ամերիկյան ընկերությունների կախվածությունը սեփական տեխնոլոգիաներից: Մտահոգություն առաջացնող մոդելների թվում են Alibaba ընկերության Qwen-ը, DeepSeek-ը և Moonshot AI-ի մշակած Kimi-ն:

Հուլիսին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոտ Բեսենթը հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմը հնարավոր է պատժամիջոցներ սահմանի չինական ԱԲ-ընկերությունների նկատմամբ, եթե պարզվի, որ նրանք դիստիլյացիայի միջոցով հափշտակել են ամերիկյան մշակողների մտավոր սեփականությունը: Այդ մեթոդը ենթադրում է ավելի կոմպակտ մոդելների ուսուցում խոշոր համակարգերի աշխատանքի արդյունքների հիման վրա, ինչը թույլ է տալիս նվազեցնել նոր ԱԲ-գործիքների ստեղծման ծախսերը:

Ապրիլին OSTP-ի տնօրեն Մայքլ Կրացիոսը ևս մեղադրել էր Չինաստանին արհեստական ​​բանականության ամերիկյան լաբորատորիաների մտավոր սեփականության մասշտաբային արդյունաբերական հափշտակության մեջ: Դրանից հետո ԱՄՆ Պետքարտուղարությունը նախաձեռնեց արշավ, որն ուղղված էր օտարերկրյա գործընկերներին նման պատճենման ենթադրյալ դեպքերի մասին իրազեկմանը:

Leave a comment