Այսօր Աբովյան համայնքում մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։ Գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը դեկտեմբերի 13-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակով։
«Գործարար»-ն այն կուսակցությունն է, որը մի քանի համայնքային ընտրություններում ՔՊ-ի հետ դաշինքով է մասնակցել և մասնակցելու։ Կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ երկար բանակցություններ են ընթացել Բաբայանի հետ, սակայն չի հիշում, թե առաջինն ով է ում դիմել համագործակցության համար։
Բաղդասարյանի խոսքով՝ էդուարդ Բաբայանի թեկնածությունը դիտարկել են որպես Աբովյանի համար լավ համայնքապետի ընտրություն։
«Ինչքան հետաքրքրվեցինք, ինչքան տեսանք՝ Աբովյանի համար շատ մեծ աշխատանքներ ունի արած, սիրված, հարգված թեկնածու է։ Մեծ հոգով, սրտով մենք կմասնակցենք իր հետ»,- ասաց Բաղդասարյանը։
Աբովյանում կայանալիք ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։
ՔՊ-ի ցուցակը գլխավորող Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի հետ այսօր խոսել չհաջողվեց․ մեր զանգերն անպատասխան մնացին։ Ավելի քան մեկ ամիս առաջ նա ասել էր, որ իր շանսերը բարձր է գնահատում և խոստովանել, որ բարդ է մրցել գործող համայնքապետի հետ։
«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի բացառում Աբովյանի ընտրություններից հետո «Գործարար» կուսակցության հետ դաշինքով համագործակցութունը, եթե իրենց թեկնածուն չկարողանա միայնակ քաղաքային իշխանություն ձևավորել՝ ասաց ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
Հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայացած ընտրություններում հաղթեց «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը։ Միայն դրանից հետո հայտնի դարձավ, որ նա ՔՊ կուսակցության անդամ էր, պարզապես սառեցրել էր անդամությունը։ ՔՊ-ն շտապեց հայտարարել, որ Ստեփանավանում էլ են իրենք հաղթել։ Գեղամ Բաղդասարյանը ասաց, թե իր համար էլ էր դա անակնկալ։
«Որ սառեցված է, հալեցված է, չգիտեմ ինչ է, մենք տեղյակ չենք եղել»,- պնդեց Բաղդասարյանը։
Էդուարդ Բաբայանն Աբովյանի համայնքապետ է ընտրվել 2021-ին՝ ԲՀԿ ցուցակով։ Հիմա, սակայն, ԲՀԿ-ականների հետ նրա հարաբերությունները լարված են, համենայն դեպս, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն էր այդպես հայտարարել։ Այս հայտարարության հիմքում Բաբայանի ջերմ շփումներն էին Նիկոլ Փաշինյանի հետ։
Հոկտեմբերի 16-ին Բաբայանը, Factor TV-ի հարցին ի պատասխան, ասել էր, որ ԲՀԿ-ի հետ կապ չունի, իսկ ՔՊ-ի հետ հարաբերությունները լավ էր որակել։
ՔՊ-ն «Գործարար»-ի հետ «Համերաշխություն» դաշինքով մասնակցել է Գորիսի ու Գավառի ընտրություններում, իսկ նոյեմբերի 29-ին՝ Ապարանում են մասնակցելու։ «Գործարար»-ի նախագահն ասում է՝ Աբովյանում հետընտրական համագործակցություն չեն դիտարկում, քանի որ վստահ են՝ Բաբայանը միանձնյա իշխանություն է ձևավորելու։ Կուսակցության նախագահը պնդում է՝ ՔՊ-ն Բաբայանի հետ համագործակցության գործընթացում որևէ առնչություն չունի։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության թեկնածու, «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ Ռուբեն Բանուչյանը, անդրադառնալով Աբովյանի ընտրություններին մասնակցող ուժերի մրցակցությանը և իր շանսերին, ասաց, որ իրեն չեն անհանգստացնում մյուս թեկնածուների ռեսուրսներն ու աշխատելու մեթոդաբանությունը։
«Շանսերի մասով, ճիշտն ասած, ես նման չեմ էլի Սերժ Սարգսյանին, որ ասեմ, թե ինչքան կարող ենք արձանագրել։ Այսինքն՝ հանրությունը կորոշի, մեր կատարած աշխատանքի համապատասխան կլինի, այսինքն՝ ինչքան մարդու կհասնենք, վստահ եմ, որ էդքան մարդու էլ կհամոզենք, որ մեզ կքվեարկեն»,- ասաց Բանուչյանը։
Նա բացառում է ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։ Բանուչյանի խոսքով՝ բացի իրենցից՝ մյուս ուժերն իշխանության դաշտում են դիրքավորված, և նրանց հետ սկզբունքային ու գաղափարական տարաձայնություններ կան։
Իսկ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է «Պալաչ» մականունով հայտնի գործարար Արթուր Հարությունյանը, որը նախկինում ևս փորձել է դառնալ Աբովյանի քաղաքապետ։ 2015 թվականին նա մասնակցել է համայնքապետի ընտրություններին, սակայն չի հաղթել։
Հարությունյանը Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նախկինում եղել է նրա մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց միջև սուր հակասություններ են ի հայտ եկել։
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը մեր զանգին ի պատասխան ասաց, որ ժամանակ չունի հարցերի պատասխանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արրփի Հակոբյան