Քաղաքականություն
18.11.2026 | 20:50
Հայաստանը Ֆրանսիական զարգացման գործակալությունից 250 միլիոն եվրոյի վարկ կստանա։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կառավարությունն այժմ ներկայացրել է Ազգային ժողովում համաձայնագիրը հաստատելու նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումը։
Վարկը տրամադրվելու է բյուջետային աջակցության նպատակով՝ հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման բարեփոխումների շրջանակում։ Ծրագրի հիմնական նպատակներն են պետական ծախսերի և ներդրումների արդյունավետության բարձրացումը, արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումը, ինչպես նաև ներպետական ռեսուրսների մոբիլիզացիայի և գործարար միջավայրի բարելավումը։
Ծրագիրն իրականացվելու է Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի համատեղ աջակցությամբ։ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորումը կարող է կազմել մինչև 250 միլիոն դոլար։
Համաձայնագրով նախատեսված վարկի ժամկետը 20 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ։ Մայր գումարը մարվելու է 30 հավասարաչափ կիսամյակային վճարումներով։
Վարկի տոկոսադրույքը կարող է լինել լողացող կամ ֆիքսված։ 2026 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ դրա չափը կազմել է 5.292 տոկոս։
Նարեկ Կիրակոսյան