Ով որ մտածում է, թե իրա տարածը մարսելու է, սխալվում է, կոկորդում է մնալու։ Գնալու ենք Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի և մյուսների հետևից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել է, որ իշխանությունները շարունակելու են ապօրինի գույքի վերադարձի գործընթացն՝ անկախ նրանից, թե ովքեր են դրա շահառուները։
«Ով որ մտածում է, թե իրա տարածը մարսելու է, սխալվում է, կոկորդում է մնալու։ Գնալու ենք Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի և մյուսների հետևից։ Ուզում է ՔՊ-ից լինի, ուզում է նախարարությունից՝ որտեղից ուզում է, հետևներից գնալու ենք, կոպեկ գողացածին ուղարկելու ենք քրեակատարողական հիմնարկներ»,- ասել է Փաշինյանը խորհրդարանում։
Անդրադառնալով Ղարաբաղյան շարժմանը՝ վարչապետը հայտարարել է, որ իրենք հրաժարվել են այդ քաղաքականությունից և բացահայտ հայտարարել այդ մասին։
Նրա խոսքով՝ ընդդիմադիրները, փոխելով իրենց քաղաքական դիրքորոշումը, չեն ներկայացրել այդ մասին հրապարակային հայտարարություն։
«Ես թափանցիկ, եկել եմ կանգնել այս ամբիոնում։ Ես ասում եմ, որ Հայաստանը հրաժարվում է Ղարաբաղի շարժումից, և դուք ուզո՞ւմ եք ասեք, որ դուք ինձ վարչապետով չեք դիմում, դուք իմ ասածներով եք առաջնորդվում։ Ասեցի՞ Ղարաբաղյան շարժումը դադարեց՝ դրոշները գողի նման հանեցիք, որովհետև դուք ենթարկվում եք էն քաղաքական գծին, որ ես եմ որոշում, որովհետև ես ունեմ ժողովրդի լեգիտիմությունը։
Իսկ դուք փողի բերումով ստեղ հայտնված մարդիկ եք։ Հեսա ձեռներիցդ փողերներդ կառնենք. ոնց քաղաքական բոմժ եղել եք, տենց էլ կդառնաք քաղաքական բոմժ», – հայտարարել է Փաշինյանը։