Հասարակություն
18.11.2026 | 16:46
Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում գործող հանքավայրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը հանքավայրի թույլատրված տարածքից դուրս ապօրինի տեղահանել է 51 952 խմ տուֆի լեռնային զանգված, իսկ թաքցված պաշարների ծավալը կազմել է 5912 խմ։ Շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է շուրջ 3,5 մլն դրամ։ Նախատեսվում է կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ պետությանը պատճառված ընդհանուր վնասի չափը դեռ գնահատվում է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրությունը՝ ստորև․
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Պետական եկամուտների կոմիտեի գրությունների հիման վրա ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական բնակավայրում գործող հանքավայրում։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը հանքավայրի հարավային տեղամասի տարածքից դուրս ապօրինի տեղահանել է 51952խմ տուֆի լեռնային զանգված, իսկ թաքցված ծավալը կազմել է 5912խմ տուֆի մարված պաշար:
Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վնասի չափը կազմել է 3.494.760 դրամ:
Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը գնահատելու համար գրություն է ուղարկվել ՀՀ պետական եկամուտների կոմիտե։