«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սուր բանավեճ է տեղի ունեցել ՀՀ Սահմանադրության փոփոխության, Ադրբեջանի հետ երկաթուղային հաղորդակցության, Սյունիքում դիրքերի և կոռուպցիոն պատասխանատվության վերաբերյալ։

Ղահրամանյանը մեղադրեց իշխանություններին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու փորձերի մեջ։ Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ որևէ պահանջ չկա, սակայն իշխանությունները, նրա պնդմամբ, շարունակում են սպասարկել Բաքվի օրակարգը։

«Հիմա զիջում եք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ փորձելով կատարել Ալիևի հերթական պահանջը… ունենալով նախաստորագրված պայմանագիր, որի 17 կետերից և ոչ մեկում չկա որևէ պահանջ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պիտի փոխվի»,- հայտարարեց պատգամավորը։

Ղահրամանյանը նաև բարձրացրեց 42 կիլոմետրանոց տրանսպորտային ուղու տեխնիկական պարամետրերի համաձայնեցման հարցը՝ հետաքրքրվելով Հայաստան–ԱՄՆ–Ադրբեջան եռակողմ աշխատանքային խմբի գործունեությամբ և քննարկումների բովանդակությամբ։

Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատեց ընդդիմությանը՝ հայտարարելով, որ նախկինում ընդունված սահմանադրությունները չեն արտահայտել ժողովրդի իրական կամքը։ Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությունը կապված է նախկին իշխանությունների ձևավորած քաղաքական և պետական համակարգի հետ։

«Հայաստանի Հանրապետությունը մենք ձեր սարքած թակարդից հանել ենք: Այն, որ դուք Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում եք որպես ֆորպոստ և հակամարտության փակուղի, մենք այդ փակուղուց Հայաստանի Հանրապետությունը հանել ենք և շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարեց, որ նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը կառավարող քաղաքական ուժն ընդունել է դեռ ութ տարի առաջ՝ այն ներկայացնելով որպես սեփական քաղաքական նախաձեռնություն, ոչ թե Ադրբեջանի պահանջների կատարում։

«Այս Սահմանադրությունը օլիգարխիայի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը մարիոնետային, կոռումպացված դատական և պետական համակարգի Սահմանադրություն է, այս Սահմանադրությունը ժողովրդի իշխանությունը առհամարհող Սահմանադրություն է… Եվ այո՛, մենք նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը որդեգրել ենք ութ տարի առաջ»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը նաև ընդդիմությանը մեղադրեց նախկինում կոռուպցիոն գործողությունների և բանակից միջոցներ հափշտակելու մեջ՝ հայտարարելով, որ այդպիսի գործողությունների համար պատասխանատուները պետք է պատժվեն։
«Ձեր պատասխանատվության ժամը եկել է, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան պետության բանտախցերում»,- ասաց վարչապետը։

Արձագանքելով Փաշինյանի հայտարարություններին՝ Ղահրամանյանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահի՝ 2024 թվականի փետրվարի 1-ի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերի փոփոխությունից հետո հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Պատգամավորի խոսքով՝ նույն օրը Փաշինյանը խոսել է Անկախության հռչակագրի նկատմամբ վերաբերմունքը վերանայելու մասին։

«Սա մի շատ խոսուն օրինակ է, թե ինչու է ձեր օրակարգում դրված Սահմանադրությունը ալիևյան Սահմանադրություն»,- ասաց Ղահրամանյանը։

Պատգամավորը նաև պնդեց, որ 2020 և 2021 թվականներին հայկական կողմը դիրքեր է զիջել Սյունիքում և Գեղարքունիքում։

Միաժամանակ նա Փաշինյանին մեղադրեց իրեն բանտարկությամբ սպառնալու մեջ։

«Հիմա դուք ինձ սպառնում էիք բանտախուց ուղարկելով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ի պատասխան՝ վարչապետը հերքեց Սյունիքում դիրքեր հետ քաշելու վերաբերյալ պնդումները։

«Մենք Սյունիքից դիրքեր ետ չենք քաշել երբեք, երբեք մենք Սյունիքից դիրքեր ետ չենք քաշել»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքին՝ վարչապետը նշեց, որ իր հայտարարությունը վերաբերում է կոռուպցիոն գործողություններին առնչություն ունեցող անձանց։ Նա ասաց, որ եթե Ղահրամանյանը ևս այդպիսի գործողությունների մասնակից է, ապա կարող է հայտնվել բանտում։

«Եթե Դուք այդ կոռուպցիոն շղթայի մաս եք, այո՛, ես Ձեզ սպառնում եմ շատ կոնկրետ. ոչ թե ես սպառնում եմ, շատ շուտով բանտում կհայտնվեք, եթե կոռուպցիոն շղթայի մաս եք: Եթե մաս չեք, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, ո՞վ կարող է Ձեզ սպառնալ: Ոչ մեկը Ձեզ չի կարող սպառնալ»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման տեխնիկական հարցերին՝ վարչապետը նշեց, որ հայկական երկաթուղին պետք է միանա Ադրբեջանի երկաթուղային ցանցին, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան համաձայնեցումներ։

«Հասկանում եք, չէ՞, որ երկաթուղին գնում է, պետք է կպնի ուրիշ երկաթուղու: …Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկաթուղուն պետք է կպնի մեր երկաթուղին, և այդ հարցերը, տեխնիկական պարամետրերը պետք է, այո՛, ակտիվ համաձայնեցվեն: Եվ էդ է պատճառը, որ ստեղծվել է նաև աշխատանքային եռակողմ խումբ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment