44-օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդհանուր հայտարարի են այն հարցի շուրջ, թե որտեղ է լինելու Ալբերտի հիշատակին նվիրված անկյունը։
Այն լինելու է Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների հիշատակը հավերժացնող կոթողի հարևանությամբ։
Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակ Հովհաննիսյանը։ Լուսանկարի՞, քանդակի՞, թե՞ այլ տարբերակով է հարգվելու Ալբերտի հիշատակը։ Այս հարցի պատասխանը դեռ չկա։ Արտակ Հովհաննիսյանն ասաց, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը Factor.am-ին փոխանցեց, որ այժմ մի քանի տարբերակ է քննարկվում, որոնք կներկայացվեն Արտակ Հովհաննիսյանին և Տիգրան Ավինյանին՝ վերջնական որոշում կայացնելու համար։ Խոսնակը նշեց, որ այն պարտադիր ներառելու է Ալբերտի հայտնի լուսանկարներից մեկը։
Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը Հաղթանակ զբոսայգու պատից հեռացրել էր հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի խորհրդանշական լուսանկարը։ Այդ օրերին քաղաքապետարանից Factor.am-ին փոխանցել էին, որ լուսանկարը հեռացվել է բարեկարգման նպատակով։
Ալբերտի հայտնի լուսանկարը՝ հրետանային կրակ վարելու պահին, դարձել է 44-օրյա պատերազմի ամենաճանաչված պատկերներից մեկը։
Ալբերտը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին։ Նա ծառայել է Արցախի պաշտպանության բանակում՝ որպես հրետանավոր։
Ըստ նրա հրամանատարի ներկայացրած տեղեկությունների՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին, երբ հրետանային ստորաբաժանմանը տրվել էր թաքստոց մտնելու հրաման, Ալբերտը որոշել է կրակոց կատարել՝ հաշվի առնելով առաջնագիծը ճեղքելու վտանգը։ Այդ գործողությունից հետո նա հակառակորդի «Սմերչ» համակարգի կասետային զինամթերքի հարվածից մահացու վիրավորում է ստացել։ Նրան հետմահու շնորհվել են «Արիության համար» մեդալը և Արցախի բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչումը՝ «Ոսկե արծիվ» շքանշանը։
Նարեկ Կիրակոսյան