Պապոյանը չի բացառել ԵԱՏՄ դատարան դիմելը (PAN.am)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի բացառել հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների խնդրի լուծման նպատակով Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ, դատարան դիմելու հնարավորությունը։

«Ներկայացնելու ենք այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ կանցնի, եթե չանցնի, այն ժամանակ ուրիշ մեխանիզմներ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարան դիմելը և այլն։ Բոլոր գործիքներից կօգտվենք»,- ասել է նա, հայտնում է Radar.am-ը:

Նախարարը նաև պարզաբանել է, թե ինչ պատճառով չի մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու ԵԱՏՄ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը։

«Նախարարները պետք է հավաքվեին, մաքսասակագնային առևտրի կարգավորման հարցեր քննարկեին, բայց գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը, փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, իրենք կունենան այդ հանդիպումը»,- ասել է նա։

Նոյեմբերի 17-ին հաղորդվել էր, որ Պապոյանի աշխատանքային այցը Մոսկվա նախատեսված է նոյեմբերի 18–19-ը։ Նախարարը պետք է մասնակցեր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականությանն ու ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ուղղություններին նվիրված խորհրդակցություններին։

Leave a comment