Գերմանիայի խոշորագույն՝ Deutsche Bank-ից փաստաթղթերի արտահոսքի արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ 2014-2020 թվականներին բանկը բազմիցս կասկածելի է համարել Բաքվում Դոնալդ Թրամփի հյուրանոցային նախագծի հետ կապված երկու ընկերությունների հաշիվներին մուտքագրված վճարումները։ Գումարի մի մասը փոխանցվել է «Ադրբեջանական լվացքատուն» (Azerbaijani Laundromat) անունով հայտնի փողերի լվացման սխեմայի հետ կապ ունեցող ընկերությունների կողմից։ Այս մասին ասվում է «Inside Deutsche Bank» խորագրով միջազգային լրագրողական հետաքննության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 17-ին։ Հետաքննությանը մասնակցել է ավելի քան 200 լրագրող՝ աշխարհի ավելի քան 50 լրատվամիջոցներից։ Ադրբեջանին վերաբերող նյութը հրապարակել է ռուսալեզու «Важные истории» (iStories) պարբերականը (ինչպես նաև ֆրանսիական Le Monde-ը)։ Այս մասին ասվում է JAMNews-ի անդրադարձում։
Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել բանկի ավելի քան 15 միլիոն ներքին ֆայլ, այդ թվում՝ էլեկտրոնային նամակագրություն, հաճախորդների փաստաթղթեր և ռիսկերի գնահատման նյութեր։ Ֆայլերը լրագրողներին են փոխանցել երկու տեղեկատուներ՝ Հնդկաստանից և Հարավային Աֆրիկայից։
Թրամփի՝ Բաքվում նախատեսված, բայց այդպես էլ չկառուցված երկնաքերի մասին նախկինում բազմիցս գրվել է։ Սակայն այս անգամ ուշադրության կենտրոնում մեկ այլ հարց է. որտեղի՞ց են ստացվում այն միջոցները, որոնք բանկը կասկածելի է համարում, և ի՞նչ են այդ տվյալները բացահայտում «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի փողերի լվացման սխեմայի մասին։
Բաքվի անավարտ երկնաքերը
Խոսքը Բաքվում գտնվող 33 հարկանի Trump International Hotel & Tower համալիրի մասին է, որի շինարարությունը սկսվել է 2012 թվականին։ Սակայն շենքն այդպես էլ շահագործման չի հանձնվել։ Թրամփի գործընկերներն այս նախագծում Ադրբեջանի այն ժամանակվա տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի հարազատներն էին։ «Важные истории»-ն նշում է, որ պետական պայմանագրերի շնորհիվ այդ ընտանիքը բազմամիլիոնանոց կարողություն է կուտակել։
Թրամփի ընկերությունը նախագծից դուրս է եկել 2016 թվականի վերջին։ Թրամփի ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ 2015 թվականին նախագծի կառավարման դիմաց նա ստացել է շուրջ 2,5 միլիոն դոլար, իսկ 2016 թվականին՝ 300 հազար դոլարից մի փոքր ավելի։ 2017 թվականին Trump Organization-ը The New Yorker ամսագրին հայտնել է, որ Թրամփը նախագծում ունեցել է «պասիվ դեր» և ընդամենը տրամադրել է իր անունն օգտագործելու իրավունքը։
Նախագիծը կառավարել են ամերիկյան երկու ընկերություններ՝ DT Marks Baku-ն և THC Baku Services-ը։ Լրագրողների արտահոսած փաստաթղթերը վերաբերում են հենց այս ընկերությունների բանկային հաշիվներին։
Ի՞նչ գործարքներ է բանկը կասկածելի համարել
Deutsche Bank-ն առաջին անգամ կասկածելի է համարել DT Marks Baku-ի հաշվին 2014 թվականի օգոստոսին ստացված վճարումը։ Գումարը փոխանցվել էր Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի անհայտ հաճախորդի կողմից։ Բանկին չի հաջողվել պարզել ո՛չ փոխանցման նպատակը, ո՛չ էլ գումարն ուղարկողի և ստացողի միջև հարաբերությունների բնույթը։
2015 թվականի ապրիլին THC Baku Services-ը Մեծ Բրիտանիայում գրանցված Faberlex կեղծ ընկերությունից ստացել է 141 հազար դոլարից մի փոքր ավելի գումար։ Այդ ընկերությունը «Ադրբեջանական լվացքատուն» անունով հայտնի փողերի լվացման սխեմայի առանցքային մասնակիցներից մեկն էր։ Հետագա տարիներին բանկը շարունակել է կասկածելի փոխանցումներ հայտնաբերել։ Ինչպես հայտնում է նիդերլանդական Follow the Money հետաքննական հարթակը, Deutsche Bank-ն իր ներքին ուսումնասիրության ընթացքում այդ միջոցները կապել է ինչպես «Ադրբեջանական լվացքատան», այնպես էլ Կրեմլին մերձավոր օլիգարխների հետ կապված՝ փողերի լվացման ռուսական ցանցի հետ։
Բանկի՝ 2020 թվականի մայիսին կազմված ներքին փաստաթղթի համաձայն՝ Բաքվում Թրամփի ընկերությունների հաշիվներով անցած կասկածելի գործարքների ընդհանուր գումարը գերազանցել է 3 միլիոն դոլարը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ադրբեջանական լվացքատունը»
«Ադրբեջանական լվացքատունը» փողերի լվացման սխեմա էր, որը բացահայտվել է 2017 թվականի սեպտեմբերին OCCRP միջազգային լրագրողական ցանցի հրապարակած հետաքննության արդյունքում։ Կազմակերպությունը մասնագիտացած է կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման գործում։ Հետաքննության համաձայն՝ 2012–2014 թվականներին Մեծ Բրիտանիայում գրանցված կեղծ ընկերությունների միջոցով փոխանցվել է շուրջ 2,9 միլիարդ դոլար։ Գումարների փոխանցումն իրականացվել է հիմնականում Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով։ Լրագրողների տվյալներով՝ այդ միջոցների մի մասն ուղղվել է եվրոպացի քաղաքական գործիչներին, իսկ մյուս մասն օգտագործվել է շքեղ ապրանքներ գնելու և վերնախավի ներկայացուցիչների այլ կարիքները հոգալու համար։
Այն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները մերժել էին հետաքննության եզրակացությունները։ Նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասիմովը դրանք անվանել էր «անհեթեթ և կողմնակալ»։ OCCRP-ի կայքն արգելափակվել է Ադրբեջանում։
Հետագա տարիներին եվրոպական դատարանները մի շարք դատավճիռներ են կայացրել այս սխեմայի հետ կապված գործերով։ 2021 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ, իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ ադրբեջանցի պաշտոնյաներից կաշառք ստանալու համար։ Գումարը նրան փոխանցվել է Faberlex ընկերության միջոցով։ Գերմանիայի Բունդեսթագի նախկին պատգամավորներ Էդուարդ Լինթները և Աքսել Ֆիշերը նույնպես ստացել են պայմանական ազատազրկման դատավճիռներ՝ Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված կաշառքներ ստանալու համար։
Փաստաթղթերի համաձայն՝ Faberlex-ը և սխեմային մասնակցած ևս երկու ընկերություններ՝ Hilux Services-ն ու Polux Management-ը, ձևականորեն պատկանել են Բաքվի բնակիչ, վարորդ Մագերրամ Ահմեդովին։
Նշվում է, որ փաստաթղթերի արտահոսքը տեղի է ունենում Թրամփի պաշտոնավարման շրջանում Վաշինգտոնի և Բաքվի հարաբերությունների մերձեցման ֆոնին։ 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրել է համատեղ հռչակագիր։
Deutsche Bank-ը հայտարարել է, որ օրենքն արգելում է հրապարակել կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների մասին տեղեկությունները։ Լրագրողների հարցմանն ի պատասխան՝ բանկը նշել է, որ խոսքը «տարիների վաղեմության» իրադարձությունների մասին է՝ ընդգծելով, որ «այսօր մենք արդեն այլ բանկ են»։
Trump Organization-ը չի պատասխանել լրագրողների հարցերին, իսկ Սպիտակ տունը նրանց ուղղորդել է այդ ընկերություն։ Danske Bank-ում հայտարարել են, որ փողերի լվացումը «երբեք չպետք է տեղի ունենար», և հիշեցրել, որ Դանիայի ու ԱՄՆ-ի իշխանությունների որոշումներով գործը փակվել է 2022 թվականին։
Ադրբեջանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նոր փաստաթղթերի հրապարակումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի