Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է, որ ադրբեջանցի զինծառայողի Սյունիք ներթափանցելուց հետո պաշտոնից ազատված ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը նշանակվել է կառույցի տնօրենի խորհրդական, հայտնում է «Ազատությունը»:
Կառույցից հայտնել են, որ Սանամյանը նոր պաշտոնում նշանակվել է նոյեմբերի 2-ին՝ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվելուց մեկ ամիս անց։ Նախկին պաշտոնում Սանամյանը հիմնականում պատասխանատու է եղել ԱԱԾ Սահմանապահ զորքերի գործունեության համակարգման և վերահսկման համար։«Ազատությանն» ի պատասխան
Մեղադրական եզրակացության համաձայն՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ներթափանցել է Հայաստանի տարածք և հինգ օր շարունակ չի հայտնաբերվել:
Լրատվամիջոցը նաև փորձել է ԱԱԾ-ից պարզել՝ արդյոք Սանամյանին պաշտոնից ազատելու որոշումը պայմանավորված է եղել ադրբեջանցի զինծառայողի՝ Սյունիքի տարածք ներթափանցելու հանգամանքով։
Գերատեսչությունից հարցին ուղիղ պատասխան չեն տվել՝ նշելով․ «Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված Դավիթ Սանամյանին ԱԱԾ տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակելու որոշումը, կառույցից հայտնել են.«Ազգային անվտանգության մարմիններում անձանց պաշտոնի նշանակումն իրականացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրները լուծելու, ինչպես նաև գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով»: