Երևանում ոստիկանությունը բացահայտել է սրճեփ սարքերից գումարի գողության դեպքեր (ՎԻԴԵՈ)

Ոստիկանությունը բացահայտել է սրճեփ սարքերից գումարի գողության դեպքեր, երկու տղամարդ ձերբակալվել է. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանությունը բացահայտել է սրճեփ սարքերից գումարի գողության դեպքեր։ Երկու տղամարդ ձերբակալվել է, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։


Առաջին դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել էր սեպտեմբերի 24-ին։ Բագրատունյաց պողոտայում գտնվող ընկերություններից մեկի տարածքում տեղադրված սրճեփ սարքը բացել էին հարմարեցված բանալիով և գողացել մոտ 80 հազար դրամ։


Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 4-ին՝ ժամը 08։00-ին, իր տանը ձերբակալվել է Երևանի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։


Ոստիկանության Շենգավիթի բաժնում նա խոստովանել է արարքը՝ հայտնելով, որ նմանատիպ գողություն է կատարել նաև Բագրատունյաց պողոտայի մեկ այլ հասցեում։


Երկրորդ դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 24-ին։ Շիրակի փողոցում կոտրել էին սրճեփ սարքը և գողացել մոտ 90 հազար դրամ։


Ոստիկանները պարզել են նաև այս գողությունը կատարած անձի ինքնությունը։ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում բնակվող 26-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։


Երկու դեպքով էլ նախաքննությունը շարունակվում է։




Leave a comment