Պարսից ծոցի երկրները հայտնել են, որ որսացել են Իրանից և Եմենում նրա հութի դաշնակիցների կողմից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն՝ ռազմական գործողությունների սրման պայմաններում, չնայած իննամսյա պատերազմը դադարեցնելու ջանքերին, գրում է Reuters-ը։
Փոխադարձ հարվածները ևս մեկ անգամ ցույց են տալիս այն խոչընդոտները, որոնց բախվում են պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը։ Հակամարտությունն ապակայունացրել է Մերձավոր Արևելքը, բարձրացրել էներգակիրների համաշխարհային գները և նպաստել ԱՄՆ ընտրողների դժգոհության աճին։ Այդ դժգոհությունն իր ազդեցությունն ունեցավ նոյեմբերյան ընտրություններում, որոնց արդյունքում պատժվեց նախագահ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցությունը, ասվում է հրապարակման մեջ։
Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ռազմաբազայում տեղակայված ամերիկյան անօդաչու թռչող սարքերի և հրթիռային համակարգերի կայանքներին։ Ավելի վաղ ԱՄՆ դաշնակից Քուվեյթը հայտնել էր, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը հակազդում են անօդաչուների հարձակումներին։ Սեպտեմբերից ի վեր սա Իրանի առաջին հարձակումն էր նավթով հարուստ այդ երկրի վրա։
Հարևան Բահրեյնը հայտնել է, որ այս շաբաթ արդեն երրորդ անգամ հակազդել է Իրանի օդային հարձակումներին։ Այն Թեհրանին մեղադրել է երկրի դեմ հարձակումների «համակարգված թշնամական մոտեցում» պահպանելու մեջ։ Բահրեյնում է տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը։ Եմենում Իրանի դաշնակից հութիների դեմ պայքարող՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարել է, որ ոչնչացրել է զինյալների կողմից Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի ուղղությամբ արձակված թևավոր հրթիռը։
Երեքշաբթի Պարսից ծոցի հակառակ ափին ամերիկյան կործանիչները հարվածել են Ղեշմ կղզում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռների արձակման կայանին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ։ Աղբյուրի խոսքով՝ հարվածը պատասխան էր Իրանի կողմից ամերիկացի զինծառայողների և օբյեկտների դեմ իրականացված հարձակումներին։
Իրանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրանցի պաշտոնյայի, հայտնել են, որ ԱՄՆ-ի հարվածը չի վնասել ենթակառուցվածքները։
Հիշեցնենք, որ նախօրեին պատասխանելով CNN-ի այն հաղորդման վերաբերյալ հարցին, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզական գնահատականներում խոսվում է, այսպես կոչված, «կեղտոտ ռումբի» կիրառմամբ Իրանի հնարավոր դավադրության մասին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Վաշինգտոնի վրա Իրանի հնարավոր հարձակման հավանականությանը։
Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ չի կարծում, թե ամերիկյան մայրաքաղաքին անմիջական սպառնալիք է ներկայացված։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի հերքել էր այդ մեղադրանքները՝ դրանք անվանելով «անհիմն»։
Երեքշաբթի Կատարի և Իրանի պաշտոնյաները բանակցություններ են անցկացրել՝ նպատակ ունենալով «մերձեցնել դիրքորոշումները և նվազեցնել առկա տարաձայնությունները ներկայացված առաջարկների շուրջ», հայտնել է Կատարի կառավարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարին։
Դրան նախորդել էր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցը Օման, որտեղ նա բանակցություններ էր վարել ծովային միջանցքների անվտանգության ապահովման, ինչպես նաև համաշխարհային նավագնացության և առևտրի անխափան ընթացքի շուրջ։
Միևնույն ժամանակ, Իրանը շարունակում է ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա՝ իր դաշնակից հութիների միջոցով։ Վերջիններն ակտիվացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայի՝ նավթի աշխարհի խոշորագույն արտահանողի դեմ, միաժամանակ ուժեղացնելով վերահսկողությունը Եմենի Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ, որը գտնվում է Հորմուզի նեղուցի դիմաց։ Այս քայլերով նրանք փորձում են ճնշում գործադրել Պարսից ծոցի նավթ արդյունահանող երկրների վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի