Արհեստական բանականությունը՝ հայկական դպրոցներում․ առաջընթա՞ց, թե՞ վտանգ կրթությանը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը։

Այն ներառում է 65 արհեստական բանականության գործիք՝ 10 ուղղությամբ, ինչպես նաև ավելի քան 100 կիրառման օրինակ։ Նպատակն ուսուցիչներին օգնելն է ԱԲ գործիքներն ուսումնական գործընթացում կիրառելու հարցում։

Բայց արդյո՞ք արհեստական բանականության մուտքը դպրոցներ կրթության որակի բարձրացման նոր հնարավորություն է, թե՞ վտանգ՝ երեխաների ինքնուրույն մտածողության և գիտելիքի յուրացման համար։

Ի՞նչ առավելություններ կարող է տալ ԱԲ-ի կիրառումը դպրոցական կրթության մեջ  և արդյո՞ք ԱԲ-ն կթեթևացնի ուսուցչի աշխատանքը և կբարձրացնի դասավանդման արդյունավետությունը։ MediaHub-ը զրուցել է վաստակաշատ ուսուցչուհի Նարինե Խաչատրյանի հետ։ Թոշակի անցնելուց հետո այժմ Եվրոպայում բնակվող  ուսուցչուհին համոզված է, որ ԱԲ-ի կիրառումը չի հանգեցնի նրան, որ երեխաները կդադարեն ինքնուրույն մտածել և աշխատել։

«Թե՛ ուսուցիչը և թե՛ աշակերտը կդադարեն ինքնութույն մտածել, եթե կարողանան  տարբերել իրական գիտելիքը արհեստական բանականության ստեղծած պատասխանից։ Ժամանակակից տեխնոլոգիաներից կարելի է օգտվել ճիշտ, որ դրանից հանկարծ չտուժի երեխան։ Մի օրինակ բերեմ, երբ հեռախոսների մեջ հայտնվեցին հաշվիչ մեքենաները, երեխաները դադարեցին ինքնուրույն հաշվել, դա բավականին հետընթաց ապահովեց։ Հիմա տեսեք արհեստական բանականության հնարավորություններն ուր են հասնում։ Եթե ԱԲ-ի ծրագիրը սխալ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն տա, ո՞վ է պատասխան տալու։ Դպրոցներն ու ուսուցիչները պետք է վերահսկեն ամբողջ գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը։

 

«Արհեստական բանականությունը դպրոցում պետք է դառնա ուսուցչի օգնականը, ոչ թե երեխայի փոխարեն ինքը մտածի»,- այս տեսակետն է հայտնել գերմաներենի ուսուչցուհի Տաթևիկ Միքայելյանը։  

«Ես չեմ ուզում, որ դպրոցներում ԱԲ-ի կիրառումն ընկալվի, որ թվային տեխնոլոգիան  կարող է փոխարինել երեխայի ինքնուրույն մտածողությանը։ Պետք է աշխատել, ուսուցիչները շատ անելիքներ ունեն։ Ինձ թվում է սկիզբը դժվար է լինելու, բայց ԱԲ-ն ավելի շատ կզարգացնի մեր գիտելիքները, միայն թե պետք է ծնողների և ուսուցիչների ակտիվ վերահսկողություն լինի»։

Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես զգուշացնում է կրթության մեջ ԱԲ-ի կիրառման հնարավոր ռիսկերի, երեխաների տվյալների պաշտպանության և ինքնուրույն մտածողության պահպանման անհրաժեշտության մասին։

Leave a comment